Նիգերի ռազմական հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ՊՆ Աֆրիկյան կորպուսի զինծառայողներին երկրի մայրաքաղաք Նիամեյում խռովությունը ճնշելու հարցում ցուցաբերած օգնության համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Նիգերում ՌԴ դեսպան Վիկտոր Վորոպաևը։
Նրա խոսքով՝ Նիգերի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի շտաբի պետը և 101-րդ ռազմաօդային բազայի հրամանատարն այցելել են ռուս զինծառայողների տեղակայման վայր և շնորհակալություն հայտնել նրանց խռովությունը ճնշելու գործում ցուցաբերած աջակցության համար։
«Նիգերի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի շտաբի պետը և 101-րդ ռազմաօդային բազայի (որը տեղակայված է օդանավակայանի տարածքում) հրամանատարն այցելել են Ռուսաստանի ՊՆ Աֆրիկյան կորպուսի տեղակայման վայր և երախտագիտություն հայտնել նրա զինծառայողներին խռովությունը ճնշելու հարցում աջակցելու համար», — ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Վորոպաևը հայտնել էր, որ 101-րդ բազայի հրամանատարությունը օգնության խնդրանքով դիմել է ռուս զինծառայողներին։ Նրա խոսքով՝ խռովության փորձին մասնակցել են երիտասարդ սպաներ, դրա կազմակերպումը կարող էր համակարգվել արտաքին ուժերի կողմից։
Խռովությունը տեղի է ունեցել օգոստոսի 29-ի գիշերը։ Նիգերի մի խումբ զինծառայողներ փորձել են իրենց ծառայակիցներին պահել 101-րդ բազայի զորանոցում և կրակ են բացել Նիամեյի մի քանի կարևոր ռազմավարական օբյեկտների ուղղությամբ։ Նիգերի պաշտպանության նախարար Սալիֆու Մոդին հայտարարել է, որ ուժային կառույցներին հաջողվել է տեղայնացնել խռովությունը և վերականգնել վերահսկողությունը օբյեկտների նկատմամբ։
Խռովության ճնշումից հետո իրավիճակը մայրաքաղաքում սկսել է կարգավորվել։ Նիգերի մամուլի գործակալության տվյալներով՝ վերականգնվել է երթևեկությունը Նիամեյի միջազգային օդանավակայան տանող ճանապարհով, բացվել են խանութները, առևտրի կենտրոնները և բենզալցակայանները։
Վորոպաևը նաև նշել է, որ Ալժիրը դարձել է առաջին երկիրը, որը դատապարտել է Նիամեյում տեղի ունեցած իրադարձությունները։ Ալժիրի ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնել Նիգերի ղեկավարությանը և աջակցություն կայունության վերականգնմանն ուղղված նրա ջանքերին։