ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախապես պատրաստում է իրավական պաշտպանություն Կոնգրեսի հնարավոր հետաքննությունների դեմ՝ այն դեպքում, եթե միջանկյալ ընտրություններից հետո դեմոկրատները վերականգնեն վերահսկողությունը խորհրդարանի պալատների նկատմամբ, հայտնել է CNN հեռուստաալիքը։
Սպիտակ տունը ձգտում է հասնել գործադիր արտոնության ընդլայնված մեկնությանլ և վիճարկում է նախագահական փաստաթղթերը պահպանելու պարտավորությունը։
ԱՄՆ արդարադատության նախարարության հուշագրում և դատական փաստաթղթերում վարչակազմը պնդում է, որ Թրամփն իրավունք ունի գաղտնի պահել ոչ միայն իր զրույցները Սպիտակ տան աշխատակիցների, այլև շփումները խորհրդականների և պետական պաշտոններ չզբաղեցնող այլ անձանց հետ։ Ավելին, Սպիտակ տունը բացահայտումից պաշտպանված է համարում նույնիսկ այն մարդկանց անունները, որոնք մասնակցել են նախագահի առանցքային քաղաքական նախաձեռնությունների մշակմանը։
Վարչակազմը նաև հայտարարում է, որ կարող է չպահպանել Ուոթերգեյթի սկանդալից հետո ընդունված օրենքը, որը Սպիտակ տանը պարտավորեցնում է պահպանել նախագահական փաստաթղթերը և նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո դրանք փոխանցել Ազգային արխիվների վարչություն։
Այս մոտեցումը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ իր երկրորդ ժամկետում Թրամփն ակտիվորեն հենվում է գործարարների, մասնավոր իրավաբանների և վաղեմի ծանոթների վրա, որոնք պետական պաշտոններ չեն զբաղեցնում։ Դեմոկրատներն արդեն հետաքննում են վարչակազմի կապերը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) հետ, կրիպտոարժութային ոլորտի հետ Թրամփի հարաբերությունների ազդեցությունը պետական քաղաքականության վրա և նախագահի ընտանիքի բիզնես շահերի ու իշխանությունների որոշումների միջև հնարավոր կապը։
«Երբեք նախկինում գործադիր իշխանության, հատկապես Սպիտակ տան, և մասնավոր հատվածի փոխգործակցությունն այսքան լայնածավալ չի եղել», — հայտարարել է Crowell & Moring իրավաբանական ընկերության Կոնգրեսի հետաքննությունների պրակտիկայի ղեկավար Ջեյմի Բերը։
Վարչակազմի նոր դիրքորոշման առաջին փորձություններից մեկը կարող է դառնալ Բորիս Էպշտեյնի գործը, որը Թրամփի իրավական խորհրդականն է և չի աշխատում կառավարությունում։ Արդարադատության նախարարությունը փորձում է արգելափակել նրան ուղարկված դատական ծանուցագիրը, որը ներկայացվել է Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի հայցի շրջանակում՝ իրավաբանական ընկերությունների վրա վարչակազմի ճնշման դեմ։
Սենատում դեմոկրատները՝ սենատոր Ադամ Շիֆի գլխավորությամբ, Սպիտակ տնից պահանջել են հայտնել, թե էլ որ խորհրդականներին (որոնք պետական ծառայողներ չեն) է վարչակազմը համարում գործադիր արտոնությամբ պաշտպանված։ Նրանց կարծիքով՝ այն չի կարող ծառայել որպես «անսահմանափակ վահան» մասնավոր անձանց և ոչ պաշտոնական խորհրդականների համար՝ թույլ տալով խուսափել խորհրդարանական վերահսկողությունից։
Կոնգրեսի հետաքննություններում մասնագիտացած իրավաբանները վարչակազմի իրավական դիրքորոշումը համարում են չափազանց վիճահարույց։ Սակայն նույնիսկ եթե դատարաններն ի վերջո դրան չաջակցեն, դատական գործընթացները ձգձգելու հնարավորությունն ինքնին կարող է Թրամփի համար արդյունավետ գործիք դառնալ։ Նման վեճերի քննությունը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ՝ մինչև նրա նախագահական ժամկետի ավարտը՝ 2029 թվականի հունվարի 20-ը։
Առանձին վեճը վերաբերում է Նախագահական փաստաթղթերի մասին օրենքին։ Ապրիլին արդարադատության նախարարության իրավական խորհրդականի գրասենյակը եզրակացրել էր, որ այս օրենքը հակասում է Սահմանադրությանը և չպետք է տարածվի Թրամփի վրա։ Վարչակազմը նաև փոխել է փաստաթղթերի պահպանման կանոնները՝ աշխատակիցներին ավելի լայն հնարավորություն տալով ջնջել մեսենջերներում որոշ հաղորդագրություններ։ Դաշնային դատավորը չի համաձայնել այս դիրքորոշման հետ։
Այժմ գործը քննում է դաշնային վերաքննիչ դատարանը, որը հոկտեմբերին պետք է լսումներ անցկացնի դատավոր Ջոն Բեյթսի որոշման վերաբերյալ, որը նախկինում մերժել էր վարչակազմի պնդումները օրենքի հակասահմանադրական լինելու մասին։
Դեմոկրատները մտավախություն ունեն, որ փաստաթղթերի պարտադիր պահպանությունից հրաժարվելը թույլ կտա ոչնչացնել նամակագրությունը և այլ նյութեր, որոնք ապագայում Կոնգրեսը կարող էր օգտագործել հետաքննությունների համար։ Վարչակազմի քննադատների կարծիքով՝ առանց այդպիսի գրառումների զգալիորեն ավելի դժվար կլինի պարզել, թե Սպիտակ տանը որոշումներն ինչպես են ընդունվել։
Միևնույն ժամանակ, արդարադատության նախարարության դիրքորոշման հակառակորդները նախազգուշացնում են, որ հետևանքները կարող են շատ ավելի հեռուն գնալ, քան ներկա վեճերը։ Եթե դատարանները համաձայնեն վարչակազմի այն պնդմանը, որ Նախագահական փաստաթղթերի մասին օրենքը հակասահմանադրական է, դա կարող է էապես սահմանափակել Կոնգրեսի՝ Սպիտակ տան գործունեությունը վերահսկելու և ԱՄՆ նախագահի որոշումները հետաքննելու հնարավորությունները։