2026-ի ԱԺ ընտրությունները ՀՀ պատմության մեջ առաջինն են, որոնց ժամանակ Արցախի հարցը առանցքային չէ։ ՔՊ-ն Արցախի էջը փակել է, ռուսամետ ուժերը սոցիալական թեմաների մեջ են խորացել և կարևորում են Մոսկվայի հետ հարաբերությունների խորացումը։ Մեծ ռեսուրսներ ունեցող հավակնորդներից գրեթե ոչ ոք չի խոսում Արցախի ազատության համար պայքարը շարունակելու մասին։
Եվ այս ֆոնին Ադրբեջանը կարծիք է հայտնում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում էական առաջընթաց կարող է արձանագրվել առաջիկայում։
«Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին»,- այս մասին ԱՊԱ-ի թուրքական բյուրոյին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Տարօրինակ է, որ հայկական կողմից այս հայտարարությանն արձագանք չեղավ։ Հայաստանի համար կարևոր չէ՞ կարգավորման հիմնական հարցերի լուծումը, որո՞նք են այդ հիմնական հարցերը, և ինչո՞ւ է Բաքուն կարծում, որ առաջիկա ամիսներին հնարավոր է լուծել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հիմնական հարցերը։
Բայրամովի այս կանխատեսումը, հավանաբար, ակնարկ է։ Հանրային խոսույթում քննարկվում է լավատեսական վարկած, թե այն վերաբերում է հայ գերիներին։
Իրոք, կարգավորման հիմնական հարցերից մեկը Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու խնդիրն է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ Ստամբուլում խոսեց գերիների մասին՝ անուղղակի ցույց տալով, որ դա կարգավորման հիմնական հարցերից մեկն է։ Ենթադրելի է, որ գերիների թեմայով միջազգային հանրության կողմից Բաքվի վրա ճնշումներ եղել են կամ կլինեն առաջիկայում։
Առաջիկա ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցող կարևոր իրադարձությունը հունիսի 7-ի ընտրություններն են։ Լավատեսները ենթադրում են, թե Բաքուն ակնարկում է, որ եթե հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում ԱԺ անցած ուժերից ոչ մեկի ծրագրում, անելիքների շարքում Արցախի ինքնորոշման, Արցախի ազատության համար պայքարը շարունակելու մասին տող չլինի, ապա, հավանաբար, ազատ կարձակի հայ գերիներին։
Եթե վերը բերված ենթադրությունը ճիշտ է, և կարգավորման կարևոր հարցերից առաջինը գերիների հարցն է, ապա Բայրամովի այս հայտարարությունն ուղղակի առաջարկ է՝ ուղղված Փաշինյանին և բարձր վարկանիշ ունեցող ուժերին։ Նրանք կարող են մտածել, թե ինչպես է հնարավոր լուծել կարգավորման կարևոր հարցը։
Այսինքն՝ Բայրամովի կանխատեսում-ակնարկն ուղիղ վերաբերում է հունիսի 7-ին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերին։ Այս առումով՝ տրամաբանական է հայկական կողմի լռությունը։ Հենց լռություն էլ ակնկալում է Ադրբեջանը, որ ոչ ոք Արցախի ինքնորոշման, արցախահայերի վերադարձի մասին կետ չունենա նախընտրական ծրագրում։ Այսպիսով՝ կապացուցվի, որ հայերը ոչ միայն պարտվել են, այլև չեն ձգտում ռևանշի։
Իհարկե, կան հոռետեսական կարծիքներ, թե Բայրամովի ակնարկը վերաբերում էր Հայաստանի հերթական զիջումներին։ Չբարեկամի տեսանկյունից կարգավորման կարևոր հարցերի շարքում են ադրբեջանական անկլավների հարցը, Արծվաշենից հրաժարվելու հարցը, մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» կամ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթների լեգիտիմացումը և նման հարցեր։ Եթե այսպես է, ապա ՔՊ-ն և իշխանության հիմնական հավակնորդ ուժերն անհարմար վիճակում են, ի պատասխան Բայրամովի կանխատեսման՝ ասելիք չունեն։ Չեն կարող հիմա, նախընտրական թեժ փուլում ասել, որ հունիսի 7-ին ընտրվելու պարագայում պատրաստվում են կատարել Բաքվի այս կարգի պահանջները։
Կարճ ասած՝ ՀՀ կողմից լռությունն ամեն դեպքում նվաստացուցիչ է։ Եթե ՀՀ իշխանությունն ազգային ինքնասիրություն ունենար, ապա Արարատ Միրզոյանը համարժեք կարձագանքեր, կպարզաբաներ, թե որոնք են կարգավորման կարևոր հարցերը, որոնք հնարավոր է՝ կլուծվեն առաջիկա ամիսներին, կանխատեսում կաներ հայ-ադրբեջանական կարգավորման կարևոր հարցերի վերաբերյալ, նույնիսկ մոտավոր ժամկետ կնշեր, թե երբ և ինչպես կարող են լուծվել այդ կարևոր հարցերը։ Այսինքն՝ կհաստատեր, որ Բայրամովը ճիշտ է ասում, առաջընթաց կարող է լինել։
Իսկ եթե լավատեսության համար հիմք չկա, ապա հայ պաշտոնյան գոնե, ի սեր ժողովրդի, կարող էր հերքել, Բայրամովին դատարկախոս որակել։ Այս դեպքում անհիմն լավատեսությամբ չէին լցվի մարդիկ, որոնք կարծում են, թե կարևոր հարցերը կլուծվեն, այսինքն՝ ընտրություններից հետո գերիները կազատվեն, տուն կդառնան։
Թաթուլ Մկրտչյան