Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Արամ Հ․-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 87-ամյա Երջանիկ Մ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, որոնք տղամարդուն տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *