Դոնալդ Թրամփի արտաքին տեսքը կրկին դարձել է սոցցանցերի քննարկման թեմա․ ԱՄՆ նախագահը անսպասելիորեն հանրության առաջ հայտնվել է զգալիորեն ավելի մուգ, գրեթե շագանակագույն մազերով, գրում է New York Post-ը։
Թրամփը նոր կերպարը ցուցադրել է սեպտեմբերի 4-ին՝ ուրբաթ օրը, երբ Air Force One ինքնաթիռից դուրս է եկել Նյու Ջերսի նահանգի Մորիսթաունի օդանավակայանում։ Նրա սովորական ոսկեգույն-բաց մազերն այս անգամ զգալիորեն ավելի մուգ էին երևում, իսկ ծանոթ սանրվածքը փոխվել էր՝ մազաբաժանը մյուս կողմում էր, իսկ մազերն ավելի խառնված տեսք ունեին։

Անսովոր կերպարն արագ տարածվեց սոցցանցերում։ Լրագրող Յաշար Ալին հրապարակել է Թրամփի լուսանկարը՝ զարմանք արտահայտող գրությամբ, իսկ գրող Էննի Լամոթը նախագահին համեմատել է դերասան Պիրս Բրոսնանի հետ։ Այլ օգտատերեր կատակել են, թե Թրամփը հանկարծ թխահեր է դարձել։
Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե արդյոք նախագահն իսկապես փոխել է մազերի գույնը և որքան ժամանակով։ Հաջորդ օրը Թրամփը մեկնել է գոլֆ խաղալու Բեդմինսթերում գտնվող իր ակումբ՝ Fox News-ի հաղորդավար Բրետ Բայերի հետ, սակայն կրել է կարմիր գլխարկ, որը ծածկել է մազերը։ Սպիտակ տունը դեռևս չի բացատրել կերպարի անսպասելի փոփոխությունը։

Նոր կերպարը հայտնվել է ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թրամփը կրկին հերքել է երկարամյա լուրերը, թե կողծամ է կրում։ Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ ելույթ ունենալով՝ նա հայտարարել է, որ իր մազերը բնական են, և հիշել է նախընտրական միջոցառման մի դեպք, երբ ուժեղ քամին, իբր, պետք է պոկեր կեղծամը, եթե նա այն կրեր։
Սակայն Թրամփի սանրվածքի հետ փորձարկումներ նախկինում էլ եղել են։ 2019 թվականին նա կարճ ժամանակով հայտնվել է հետ սանրած մազերով, սակայն շուտով վերադարձել է իր սովորական կերպարին։
Թրամփի սանրվածքը տասնամյակներ շարունակ մնում է նրա հանրային կերպարի մի մասը և բազմիցս դարձել է վեճերի ու կատակների առարկա։ Այս անգամ ուշադրությունը գրավել է ոչ թե դրա հայտնի բաց գույնը, այլ նախագահի գրեթե թխահերի անսպասելի վերափոխումը։