Լոնդոնի Քենսինգթոն թաղամասում գտնվող երկու շքեղ բնակարաններ, որոնք կապվում են Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, վաճառքի են հանվել. հայտնում է The Sunday Times-ը։
Բնակարանները գտնվում են Քենսինգթոնյան պալատի հարևանությամբ և Իսրայելի դեսպանատան հարակից փողոցում։ Դրանք դեսպանատան շենքից հեռու են մոտ 45 մետր հեռու և նայում են դրա հետնամասին։
Բնակարաններից մեկը՝ մոտ 366 քառակուսի մետր մակերեսով, զբաղեցնում է շենքի վեցերորդ և յոթերորդ հարկերը։ Այն ունի հինգ ննջասենյակ, սպասարկող անձնակազմի համար նախատեսված առանձին տարածք և մասնավոր տանիքի տեռաս։ 2016 թվականին այն գնվել էր 19 մլն ֆունտով, իսկ այժմ վաճառքի է հանվել գրեթե 12 մլն ֆունտով։ Բնակարանը համատեղ վաճառքի են հանել Knight Frank-ն ու Sotheby’s-ը։
Երկրորդ բնակարանը զբաղեցնում է նույն շենքի յոթերորդ և ութերորդ հարկերը։ Այն 2014 թվականին գնվել էր 16,75 մլն ֆունտով։ Այժմ գույքի նկատմամբ նշանակվել է կառավարիչ, սակայն դրա վաճառքի գինը հրապարակված չէ։ Երկու բնակարանների ձեռքբերման ընդհանուր արժեքը կազմել է մոտ 35,75 մլն ֆունտ։
Բնակարանների պաշտոնական սեփականատերը իրանցի բանկիր և գործարար Ալի Անսարին է։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հուլիսին նրան ներառել է պատժամիջոցների ցուցակում՝ անվանելով Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի «առանցքային ֆինանսավորողներից» մեկը։ ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Անսարին վերահսկել է Խամենեիին և Իրանի ռեժիմի այլ ներկայացուցիչներին պատկանող ակտիվների լայն ցանց և արտերկրում նրանց անունից գույք է ձեռք բերել։
Անսարին նախկինում նաև պատժամիջոցների է ենթարկվել Մեծ Բրիտանիայի կողմից՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորմանն աջակցելու կասկածանքով։ Նա հերքում է Մոջթաբա Խամենեիի կամ ԻՀՊԿ-ի հետ որևէ ֆինանսական կապ ունենալու մեղադրանքները։
The Sunday Times-ի տվյալներով՝ բնակարանների վաճառքի թույլտվությունը տրվել է այն ժամանակ, երբ Անսարին չի կատարել հիփոթեքային պարտավորությունները։ Գույքի վարկատուները կառավարիչներ են նշանակել՝ իրենց միջոցները վերադարձնելու նպատակով։ Բնակարանների վաճառքից հնարավոր մնացորդային շահույթը, ըստ հրապարակման, կսառեցվի, քանի դեռ Անսարին շարունակում է մնալ պատժամիջոցների տակ։
Հրապարակման համաձայն՝ բնակարանների նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն կա:
Մոջթաբա Խամենեիի հետ բնակարանների կապի մասին տեղեկություններ են հայտնվել տարբեր հետաքննություններում։ Սակայն բնակարանները պաշտոնապես գրանցված են Ալի Անսարի անունով, ոչ թե Խամենեիի։ Անսարին հերքում է Խամենեիի հետ ֆինանսական կամ անձնական կապ ունենալը։