Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը զսպվածության կոչ է արել այն բանից հետո, երբ դրուզական համայնքի հայտնի ներկայացուցիչը լքել է Էս-Սուվեյդա նահանգը՝ ազդեցիկ դրուզ առաջնորդ Հիքմաթ ալ-Հիջրիի կողմնակիցների հետ լարվածության ֆոնին, հայտնում է AFP-ն։
Էս-Սուվեյդա քաղաքը և համանուն նահանգի մյուս շրջանները վերահսկվում են տեղական զինված կազմավորումների կողմից։ Սրանք Սիրիայի վերջին խոշոր տարածքներն են, որոնք դեռևս չեն գտնվում երկրի նոր իշխանությունների վերահսկողության տակ։
Տեղական խմբավորումների թվում է, այսպես կոչված, Ազգային գվարդիան, որը կապված է ալ-Հիջրիի հետ․ նա կտրուկ քննադատում է Սիրիայի նոր իշխանություններին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դրուզական համայնքը «Իսրայել պետության անբաժանելի մասն է»։
Սիրիական պետական հեռուստատեսության հաղորդմամբ, տեղական զինված խմբերը ստիպել են նահանգի հայտնի բնակիչ Աթեֆ Հունայդիին լքել Էս-Սուվեյդան այն բանից հետո, երբ նրան առևանգել էին տնից՝ ալ-Հիջրիի հայտարարությունները դատապարտող հայտարարության պատճառով։ Ավելի ուշ Հունայդին ժամանել է Դամասկոս։
Բարաքը հայտարարել է, որ պետական կառավարման բացակայության պայմաններում «ավազակախմբերը լցնում են վակուումը» և մեղադրել է «թունավոր դրդապատճառներ» ունեցող մարդկանց մի փոքր խմբի՝ հենց համայնքի ներսում բռնություն հրահրելու մեջ։ Նրա կարծիքով, Հունայդին կամայականորեն ձերբակալվել և վտարվել սեփական տնից։
Ամերիկացի դիվանագետը հայտնել է, որ իր թիմը կապ է պահպանում Հունայդիի և այլ անձանց հետ, որոնք ներգրավվել են դրուզական համայնքի ներսում ծագած հակամարտության մեջ։ Նա կողմերին կոչ է արել զսպվածության և լուրջ երկխոսության։
Բարաքը նաև հիշեցրել է անցյալ տարի Էս-Սուվեյդայի համար ստորագրված «խաղաղության ճանապարհային քարտեզի» մասին, որն, ըստ նրա, պետք է ապահովի նահանգի վերադարձը Սիրիայի կազմ՝ դրուզ բնակչության համար քաղաքացիության լիարժեք իրավունքներով և պարտականություններով։
Ալ-Հիջրիի Ազգային գվարդիան հայտարարել է, որ իր մարտիկները միջամտել են այն բանից հետո, երբ լարվածությունը մեծացել է, և բնակիչները հավաքվել են Հունայդիի տան մոտ։ Խմբավորման վարկածով, Հունայդին ինքն է խնդրել իրեն տեղափոխել հարևան գյուղի անցակետ, որտեղից նա տաքսիով մեկնել է Դամասկոս։
Էս-Սուվեյդայում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ անցյալ տարվա հուլիսին դրուզների և սիրիական իշխանությունների հետ կապված ուժերի միջև բախումներից հետո։ Այս իրադարձությունները դարձել էին երկրում միջհամայնքային բռնության ամենածանր դրվագներից մեկը՝ 2024 թվականին Բաշար Ասադի տապալումից հետո։