Ինչ պատժի պիտի ենթարկվի պետական գաղտնիք հրապարակած ՔՊ-ականը 

Կա առաջին աստիճանի պետական գաղտնիք, երկրորդ աստիճանի, երրորդ։ ԱԺ պատգամավորը երրորդ աստիճանի գաղտնիքի է տիրապետում, ԱԽ անդամը՝ առաջին։ Պետական բարձր պաշտոնյաները, որոնք պաշտոնի բերումով առնչվում են պետական գաղտնիքի, պաշտոն ստանձնելուց առաջ հատուկ ձևաթղթի վրա գրում ու ստորագրում են, որ եթե պետական գաղտնիք հրապարակեն, ապա կենթարկվեն պատասխանատվության։

ՊՆ-ն երեկ, ապրիլի 7-ին, հրապարակավ մեղադրեց պատգամավոր Հայկ Սարգսյանին ՊՆ-ի մասին ապատեղեկատվություն տարածելու և պետական գաղտնիք հրապարակելու մեջ։

«… Պատգամավորը հնչեցրել է զորակոչի և զորահավաքի վերաբերյալ ենթադրյալ թվեր, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին:

Առիթ ենք ունեցել նաև նշելու, որ 2022 թվականի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25,3 %:

Նմանատիպ ապատեղեկատվությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն և ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում առկա պայմանների վերաբերյալ»,- գրված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Այսպիսով՝ ՊՆ-ն հերքում է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ապրիլի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարությունները բանակում տիրող իրավիճակի, զինվորների առողջության, հիգիենայի հետ կապված խնդիրների, զորակոչի թվերի վերաբերյալ և բաց հանդիմանում վերջինիս պետական գաղտնիք հրապարակելու մեջ։

Սակայն ՊՆ-ի այս հաղորդագրությունը բավարար չէ։ Խոսքը վերաբերվում է բանակին և պետական գաղտնիքին։ Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված այս պարագայում, երբ պատգամավորը պետական գաղտնիք է հանրայնացնում։

Բանակին ուղղված քննադատությամբ սովորաբար հանդես են գալիս արտախորհրդարանական գործիչներն ու իրավապաշտպանները։ Միշտ էլ այդպես է եղել։ Իսկ իշխանությունները նրանց հանդիմանել են, որ չի կարելի բանակին քննադատել։ Չնայած՝ այս խումբ գործիչները պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ու հնարավորություն չունեն, սակայն նրանց պարբերաբար զգուշացնում են, որ բանակի մասին տվյալներ չհրապարակեն։ Նրանց ուղղակի ասում են, որ նույնիսկ եթե անզգուշաբար հրապարակեն պետական գաղտնիք, ապա պատասխանատվության կենթարկվեն։ Բանակային դիրքեր կամ զորամասեր այցելող լրագրողներին նույնպես պարտադիր զգուշացնում են, որ չհրապարակեն դիրքերին, թվակազմին, սպառազինությանն առնչվող տվյալներ, քանի որ դրանք պաշտպանական գաղտնիք են։

Այլ է պատգամավորի պարագայում։ Նա նախքան մանդատ ստանալը ստորագրություն է տալիս, որ պետական գաղտնիք չի հրապարակելու, հակառակ պարագայում ենթարկվելու է պատասխանատվության։ ՔՊ-ականները երբեմն թույլ են տալիս ընդդիմադիր գործընկերներին ծանոթանալու պետական գաղտնիք պարունակող տվյալներին, փաստաթղթերին։ Բայց դրանից առաջ հիշեցնում են, որ գաղտնիքը հրապարակելու պարագայում պատասխանատվության կենթարկվեն։ Իսկ հետո, երբ գաղտնիք իմացած ընդդիմադիրն ինչ-որ հեռավոր կամ ընդհանրական բան է ասում, նրան միանգամից սաստում են, կրկին հիշեցնելով, որ գաղտնիք հանրայնացնելը պատասխանատվություն է ենթադրում։

Գուցե սկսնակ լրագրողը, անփորձ հասարակական գործիչը չիմանան կամ չհասկանան՝ ինչ է պետական գաղտնիքը։ Սակայն Հայկ Սարգսյանը պարտավոր էր իմանալ, քանի որ փորձառու պատգամավոր է։ Նա սոսկ կոճակ սեղմող չէ, ինչպես պատգամավորների մի մասը, այլ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ակտիվ անդամ է, օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալիս։

Ուստի՝ այն կառույցը, որը պատգամավորից ստորագրություն է վերցրել, զգուշացրել պատասխանատվության մասին, հետո թույլ տվել գաղտնի տվյալների հետ առնչվել, պարտավոր է հանրությանը բացատրություն տալ, թե ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու պետական գաղտնիք հանրայնացնող ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Սա կարող է խրատ լինել նաև մյուսներին, որոնք գործի կամ հանգամանքների բերումով պետական գաղտնիքի են առնչվոիւմ։ Իսկ եթե ծածկադմբոց անեն ու ժողովրդին բան չասեն, ապա կարելի է ենթադրել, որ ՔՊ-ն լուրջ չի վերաբերվում պետությանը, պաշտպանությանը, պետական գաղտնիքին, հետևաբար՝ նրան կրկին ընտրելը ռիսկային է, նույնիսկ կարող է աղետալի լինել։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *