
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ տարածված կարծիքի, Հայաստանը գնում է Մոլդովայի ճանապարհով: Այլ կերպ ասած` Հայաստանում իրագործվում է Մոլդովայի սցենարը: Իսկ ի՞նչ է եղել Մոլդովայում:
2025 թվականի սեպտեմբերին Մոլդովայում կայացան խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական շրջանում փորձագետները խուսափում էին կանխագուշակել ընտրությունների արդյունքները, քանզի գործող արևմտամետ իշխանության վարկանիշն այդքան էլ բարձր չէր, հետևաբար` վերջինիս միանձնյա կառավարումն իրատեսական չէր: Ի՞նչ ձեռնարկեց գործող իշխանությունը:
Նախ` իշխանության կողմից լայն կիրառում ստացավ «եթե մենք չլինենք, ապա կգա Պուտինն ու պատերազմը» խոսույթը:
Բացի դրանից` գործող իշխանության ջանքերով, ընտրապայքարից ի սկզբանե հեռացվեց մոլդովացի օլիգարխ Իլան Շորը, իսկ քվեարկության հենց նախօրեին քվեաթերթիկներից հանվեց նաև շատ ուժեղ քաղաքական միավորներից մեկը` Իրինա Վլախի դաշինքը: Ամենապարադոքսալն այն էր, որ արդեն քվեարկության ընթացքում ցուցակներից բառացիորեն ջնջվեց ևս մեկ` Վիկտորիա Ֆուրտունեի ղեկավարած կուսակցության անունը: Այդ կուսակցության օգտին տրված քվեներն անվավեր ճանաչվեցին:
Դիտորդներն արձանագրել են նաև մի շարք խախտումներ: Օրինակ` Մոլդովայի ընդդիմադիր տրամադրված մի քանի բնակավայրերում ընտրողները չեն կարողացել ընտրատեղամաս գալ, քանզի հենց ընտրությունների օրը այնտեղ կամուրջների վերանորոգման աշխատանքներ են սկսվել: Շատ հետաքրքիր փաստ ևս. Ռուսաստանին, որտեղ բնակվում է մոլդովական սփյուռքի զգալի մասը, հատկացվել էր ընդամենը 10 հազար քվեաթերթիկ և բացվել էր միայն 2 ընտրատեղամաս, սակայն Իտալիայում, որտեղ բնակվում է Մոլդովայի քաղաքացիություն ունեցող անհամեմատ քիչ թվով մարդ, բացվել էր 75 ընտրատեղամաս:
Այժմ եկեք համեմատենք Հայաստանի և Մոլդովայի ընտրությունների ընթացքը: Օլիգարխ, խաղաղություն, «եթե մենք չլինենք` պատերազմ կլինի», թեկնածուներին ընտրապայքարից հեռացում …
Հայաստանում հիմնական ընտրական գործընթացն առջևում է: Եվ, եթե կարծում եք, որ Հայաստանում կրկնվում է Մոլդովայի սցենարը, ապա վերլուծեք Մոլդովայի ընտրությունների ողջ գործընթացը և դեմն առեք:
Դեպի Արևմուտք գնալ պետք է, սակայն ոչ Մոլդովայի ընտրությունների օրինակով: Այլ կերպ ասած` չի կարելի ռուսական ճանապարհով Արևմուտք գնալ»: