Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է կրթության բնագավառի մասին OECD-ի վերջին հետազոտության արդյունքներին, ըստ որոնց՝ ՀՀ-ն զիջում է դիրքերը տարածաշրջանային երկրների մեջ։ Նա հայտնել է, որ 2021 թվականից ՀՀ-ում իրականացվում է 300 դպրոցի ծրագիր։
«Դա ավարտում ենք և սկսում ենք 2-րդ 300-ի ծրագիրը… ոչ մեկ չի հարցնում՝ էս ինչի՞ Հայաստանում 1000 դպրոցի կարիք կա։ Ես չեմ վարանում ասել՝ մենք դպրոց չենք բացում, այլ դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել»,- ասել է վարչապետը և հավելել, որ պետք է նաև երաշխիք ունենալ, որ դասասենյակ մտնող ուսուցիչը պատշաճ մակարդակ ունի։
Նրա խոսքով՝ 30 տարվա մեջ ոչ ոք մեր ուսուցչին չի ասել, որ պետք է իրենք հմտությունների վրա աշխատեն. «Ասում ենք՝ բոլորս կրթվելու կարիք ունենք, բա էդ ով՞ ա ծաղրում, ասում՝ դուք զրո դասարանցիք եք։ Դուք եք այդպես ակադեմիկոսներ, դրա համար էլ ամեն մեկդ ակադեմիկոս միլիարդատեր եք»,- շեշտել է վարչապետը։
Վարչապետը ընդգծել է, որ նախկին իշխանությունները դպրոցները սարքել էին ընտրակեղծարարության վայր. «Դաշնակցականներն ու հանրապետականները տասնյակ տարիներով դպրոցները սարքել էին ընտրակեղծարարության պլատֆորմ, կոռուպցիայի դասավանդման թիվ մեկ աղբյուրն է եղել։ Մինչև այսօր ուսուցիչներ ու տնօրեններ կան, որ տգիտություն են դասավանդում»,- ասել է նա և նշել, որ տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից։
«Մենք գրագիտության պակասը ամեն օր տեսնում ենք։ Այո, մենք գլոբալ գրագիտության խնդիր ունենք»,- հավելել է վարչապետը։