Եվրամիությունը 2 տարով նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայի Հայաստանում, որը կկենտրոնանա հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի վրա: Այս նախաձեռնությունը կլինի կարճաժամկետ մոնիթորինգային խմբի աշխատանքի տրամաբանական շարունակությունը, որի մանդատը համընկնում է հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ. գրում է Deutsche Welle-ն:
Պաշտոնական հայտարարության համաձայն՝ եվրոպացի մասնագետները կկենտրոնանան «արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարի» վրա:
Ինչպես ընդգծել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը, հայ հասարակությունն այժմ բախվում է զանգվածային ապատեղեկատվական արշավների, և Բրյուսելի խնդիրն է պաշտպանել քաղաքացիների՝ իրենց ապագան ընտրատեղամասերում ինքնուրույն որոշելու իրավունքը։
ԵՄ ներկայիս որոշումը տեղավորվում է Հայաստանի և Եվրամիության միջև մերձեցման ավելի լայն գործընթացի մեջ, որը սկսվել է 2023 թվականին՝ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների զգալի սառեցման ֆոնին։
Տարածաշրջանում լարվածության սրումից խուսափելու համար եվրոպացի դիվանագետները մտադիր են խորհրդակցություններ անցկացնել Բաքվի հետ՝ բացատրելով նոր նախաձեռնության խիստ պաշտպանական բնույթը և դրա անվտանգությունը խաղաղության գործընթացի համար։
Վերլուծաբանները նշում են, որ ապատեղեկատվության շղթայի հետևում հաճախ կանգնած են Մոսկվայի կողմից աջակցվող «Փոթորիկ-1679» և «Փոթորիկ-1099» խմբերը։ Սակայն Մոսկվան կտրականապես մերժում է նման մեղադրանքները՝ եվրոպական նախաձեռնությունը դիտարկելով բացառապես որպես «աշխարհաքաղաքական ազդեցության» գործիք և «մոլդովական սցենարի պրոյեկցիա»։ Չնայած իրենց ակնհայտ ընդհանուր նպատակներին՝ Երևանի և Բրյուսելի հռետորաբանությունն այդ սպառնալիքների աղբյուրները գնահատելու հարցում զգալիորեն տարբերվում է։ Մինչ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Կայա Կալլասը, բացահայտորեն Ռուսաստանին նույնացնում են որպես տարածաշրջանում անկայունության հիմնական աղբյուր, պաշտոնական Երևանը նախընտրում է խուսափել կտրուկ ձևակերպումներից։
ՀՀ խորհրդարանի՝ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը սա վերագրում է պրագմատիզմին՝ ժխտելով իր եվրոպացի գործընկերների հետ ցանկացած հայեցակարգային տարբերություն։ Նրա խոսքով՝ հիբրիդային սպառնալիքները չեն վերանա ընտրությունների հաջորդ օրը, այդ իսկ պատճառով Երևանը խնդրել է երկարաժամկետ ինստիտուցիոնալ աջակցություն։
Միևնույն ժամանակ՝ հայկական ընդդիմությունը մտահոգությամբ է մոտենում կառավարության նախաձեռնությանը։ Նրանց կարծիքով՝ այս ձևաչափով եվրոպական կառույցների հետ համագործակցությունը խորհրդարանական ընտրություններից առաջ անմիջական ռիսկեր է պարունակում:
Որոշ ընդդիմադիր շրջանակների մտահոգությունների վերաբերյալ, որ նոր առաքելությունը կարող է դառնալ գործիք Հայաստանում «մոլդովական սցենարը» կրկնելու համար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոր կասկածամտություն է հայտնել: