Սիրիայի մի քանի նահանգներում բողոքի ակցիաներ են սկսվել՝ իշխանությունների կողմից նավթամթերքի գները բարձրացնելու որոշման պատճառով։ Ակցիաների մասնակիցները փակել են մի քանի ավտոճանապարհներ, այդ թվում՝ միջազգային Մ-5 մայրուղին։
Syria TV-ն հաղորդում է Հալեպ, Իդլիբ, Հասաքե, Ռաքքա եւ Դեյր էզ-Զոր քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին։ Հեռուստաալիքը հրապարակել է խոշոր հրդեհների կադրեր. ցուցարարները փակում են ճանապարհները եւ դրանց վրա այրում անվադողեր։ Որոշ քաղաքներում ակցիաների մասնակիցները թույլ չեն տալիս նավթատար մեքենաներին երթեւեկել։
Սիրիայում վառելիքի գները սահմանում է էներգետիկայի նախարարությանը կից հատուկ հանձնաժողովը։ Սեպտեմբերի 12-ին հանձնաժողովը բարձրացրել է բենզինի, գազի եւ դիզվառելիքի գները՝ 25-40 տոկոսով։