«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը ԱԺ-ում պատասխանել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի՝ հակադաշնակցական հայտարարությունները՝ դրանք անվանելով «մաքուր բանականության գահավիժման պատմական դրսևորում»։
Հիշեցնենք, որ Եղոյանն այսօր հայտարարել էր, թե Քրիստինե Վարդանյանը պետք է դառնա վերջին դաշնակցականը։
«Կանտի ականջը կանչի․ մարդը մաքուր բանականության մասին էր խոսում, և մաքուր բանականության գահավիժման պատմական մի դրսևորում այստեղ տեսանք»,- ասել է Խաչատրյանը։
Դիմելով Արման Եղոյանին՝ ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ նրա քաղաքական անցյալն ու ներկայիս դիրքորոշումները, իր գնահատմամբ, հակասություն չեն ներկայացնում։
«Չի կարող վերանալ ձեր միջից մի բան, որը ձեր մեջ երբեք չի եղել։ Դուք ձեր էությամբ ՀՀՇ-ական եք եղել և դրանից սերված՝ ՔՊ-ական։ Պարոն Եղոյանը հաստատեց այն պնդումները, որ անում էինք, երբ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվում էր»,- ասել է նա։
Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության ստեղծման ժամանակ եղել է երկու մոտեցում՝ ՀՀՇ-ական և դաշնակցական։
Նրա խոսքով՝ ՀՀՇ-ական մոտեցումն այն էր, որ Հայաստանը պետք է «զրոյական էջից» սկսի, մինչդեռ դաշնակցական մոտեցումը պետական կառուցվածքը ազգային հիմքի վրա ձևավորելն էր։
«ՀՀՇ-ական մոտեցումն այն էր, որ, ինչպես նա ասում է, «զրոյական էջից ենք սկսում»։ Հռչակագրի մեջ չէին ուզում ավելացնել նույնիսկ Ցեղասպանության խնդիրը։ Առաջին Հանրապետության հետ կապը ընդամենը ժողովրդավարական ավանդույթներն էին։
Եվ կար դաշնակցական մոտեցում, որ ազգային հիմքի վրա այս ամեն ինչը պետք է դնենք՝ պետական կառուցվածքը։Եվ ահա պարոն Եղոյանը ՀՀՇ-ական արմատներից, ՀՇ-ական ծնված ծառի մի պտուղ է։ Իմաստության պտուղ, չեմ կարող ասել, բայց բազմալեզվախոսության մի պտուղ, որը չունի նաև տարրական տակտի զգացում։ ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, ով ոչնչով իր խոսքով չի տարբերվում թուրքերից։ Ինչ-որ թուրքեր ասում էին՝ «պետք է մնա մի հայ, էն էլ՝ թանգարանում», տենց էլ դուք էիք ասում՝ «պետք է մնա մի հոգի, էն էլ՝ վերջինը։ Կանգնե՛ք հայելու առաջ և փորձեք ձեր ասածների մեջ բանականություն գտնել, որը շատ դժվար է։ Բայց թուրքերի հետ էդ նմանությունը՝ հարյուրից հարյուր»,- եզրափակել է Արթուր Խաչատրյանը։