ՌԴ-ն մտադիր է պահպանել ՀՀ-ի հետ կնքած երկկողմ համաձայնագրերը ռուսական զորքերի, այդ թվում՝ ռուսական ռազմաբազայի ներկայության վերաբերյալ․ Զախարովա

Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան կարևոր դեր է խաղում Հայաստանի անվտանգության գործում, որին ներկայում տեսանելի այլընտրանք չկա․ ինչպես գրում է ՌԻԱ Նովոստի-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևորագույն տարր է։ Սա հատկապես ճիշտ է այն դեպքում, երբ ներկայում որևէ իրական այլընտրանք տեսանելի չէ», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է պահպանել Հայաստանի հետ կնքված երկկողմ համաձայնագրերը ռուսական զորքերի, այդ թվում՝ Գյումրիում գտնվող ռազմաբազայի ներկայության վերաբերյալ, և ակնկալում է, որ Երևանը նույնպես կընդունի նմանատիպ մոտեցում։

Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել ռազմական համագործակցության ընդլայնումը Հայաստանի հետ։

«Ինչ վերաբերում է ռազմական համագործակցությանը, մենք պատրաստ ենք քննարկել դրա ընդլայնման հեռանկարները՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկած, ինչպես ինքն է ասել, երկկողմ կապերի «գույքագրման» շրջանակում»,-ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Մոսկվայի և Երևանի միջև ավանդական համագործակցությունը, ինչպես նաև ընդհանուր մեխանիզմների անխափան գործունեությունը, բխում են երկու երկրների շահերից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *