TRIPP-ի թե՛ մուտքի, թե՛ ելքի կետը Ադրբեջանի տարածքն է. Բայրամով

Հայաստանի սահման տանող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները գտնվում են ավարտական փուլում. աշխատանքների ավարտը նախատեսվում է 2027 թվականի առաջին կեսին։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Կցանկանայի նշել, որ Ադրբեջանի հիմնական հատվածում նոր տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումը շարունակվում է արագ տեմպերով։ Եթե խոսենք ավտոմոբիլային ճանապարհների մասին, ապա Հայաստանի սահմանին ուղղությամբ Ադրբեջանի հիմնական հատվածում դրանց պատրաստվածության աստիճանը կազմում է մոտ 95 տոկոս, իսկ երկաթուղու կառուցման աշխատանքները՝ մոտ 75 տոկոս։ Երկու նախագծերի ավարտը Ադրբեջանի հիմնական հատվածում նախատեսվում է 2027 թվականի առաջին կեսին», — երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Բայրամովը։

Բայրամովը հիշեցրել է, որ նախորդ տարվա Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված կարևոր պայմանավորվածություններից մեկը TRIPP նախագիծն է, որը նախատեսում է տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծում 42 կիլոմետր երկարությամբ հատվածում, որը «Զանգեզուրի միջանցքի» բաղկացուցիչ մասն է։

«Այստեղ բանակցություններն անմիջականորեն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, սակայն ամերիկացի գործընկերները մեզ պարբերաբար տեղեկացնում են աշխատանքների ընթացքի մասին։ Կրկնում եմ՝ այս տարածքը՝ խոսքը Հայաստանի տարածքում գտնվող հաղորդակցությունների մասին է, սակայն թե՛ մուտքի, թե՛ ելքի կետը Ադրբեջանի տարածքն է՝ Ադրբեջանի սահմանը, և այս միջանցքը կարող է գործել միայն այդ ձևաչափով։

Մեզ տրամադրված վերջին տեղեկությունների համաձայն՝ ներկայում շարունակվում են նախագծման աշխատանքները և ընկերության ստեղծման գործընթացը, որոնք պետք է ավարտվեն այս տարվա ընթացքում, իսկ ֆիզիկական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի սկզբին։ Սա վերջին տեղեկատվությունն է», — նշել է նախարարը։

Բայրամովի կարծիքով՝ ֆիզիկական աշխատանքների մեկնարկից հետո նշված հատվածը նույնպես հնարավոր կլինի ավարտել բավական կարճ ժամանակահատվածում, քանի որ, նրա խոսքով, տարածքը մեծ չէ՝ խոսքը 40 կիլոմետրից մի փոքր ավելի երկարության մասին է։

«Սա նույնպես հնարավոր է ավարտել բավական կարճ ժամանակահատվածում, և այդ դեպքում կապահովվի Ադրբեջանի հիմնական հատվածի ուղիղ կապը Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով, ինչպես նաև Նախիջևանի միջոցով՝ Թուրքիայի հետ։

Ինչպես մենք նշել ենք, հաշվի առնելով, որ արդեն առկա է ելք դեպի Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական տրանսպորտային ենթակառուցվածքներ, Եվրոպայից՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով դեպի Կենտրոնական Ասիա, կձևավորվի կապի նոր կարևոր ուղղություն», — հավելել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *