Համաշխարհային վառելիքային ճգնաժամն սկսված է՝ հայտարարում են ԱՄՆ նավթային ընկերությունները


Համաշխարհային վառելիքային ճգնաժամը, որի մասին նախազգուշացնում էին աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունները, արդեն սկսվել է։ Ամերիկյան Chevron-ի եւ ExxonMobil-ի ղեկավարները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցի երկարատեւ արգելափակումը եւ Սաուդյան Արաբիայում «Արեւելք- Արեւմուտք» նավթամուղի վրա հարձակումը հանգեցրել են մատակարարումների լուրջ խափանումների, գրում է The Wall Street Journal-ը։

«Արեւելք-Արեւմուտք» նավթամուղը այլընտրանքային երթուղի էր, որը Սաուդյան Արաբիային թույլ էր տալիս նավթ արտահանել՝ շրջանցելով ամերիկա- իրանական հակամարտության գոտին։ Հութիների հարձակումից հետո մատակարարումների ծավալը նվազել է օրական առնվազն 2,5 միլիոն բարելով։

ԱՄՆ-ի եւ Իրանի հակամարտությունը նաեւ հանգեցրել է ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գների ռեկորդային աճի, նշում է WSJ-ը։ Վաշինգտոնը հույս ունի նվազեցնել շուկայի վրա ճնշումը՝ Վենեսուելայում արդյունահանման ծավալների ավելացման եւ նավթավերամշակման հզորությունների ընդլայնման շնորհիվ։

«Այն մեխանիզմները, որոնք կարող էին մեղմել գների եւ մատակարարումների հետ կապված ռիսկերը, մեծ մասամբ սպառվել են, եւ համակարգն այլեւս չունի այն պահուստները, որոնք առկա էին սկզբում»,-  նշել է Chevron-ի ղեկավար Մայք Վիրթը։

WSJ-ի տվյալներով՝ Չինաստանն սկսել է ավելի շատ նավթ գնել՝ սեփական պաշարների օգտագործելուց հետո։ Մերձավոր Արեւելքում եւ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում նավթավերամշակման գործարանների աշխատանքի դադարեցման պատճառով դիզվառելիքի մատակարարումները սահմանափակվել են։ Սրան գումարած՝ նավթատարների վրա հարձակումներն էլ ավելի են բարդացնում իրավիճակը վառելիքի համաշխարհային շուկայում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *