Հայաստանում ուշագրավ գործընթաց է տեղի ունենում։ Տասնամյակներ շարունակ լինելով հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցներից մեկը՝ երկիրը պատրաստվում է դիմել Եվրոպական միությանն անդամակցելու համար, և Հայաստանին օգնություն կպահանջվի․ The Hill պարբերականում գրել է ԱՄՆ-ում և Մեքսիկայում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը։
Հեղինակի խոսքով՝ Ռուսաստանը և Եվրասիական տնտեսական միության նրա գործընկերները ճնշում են գործադրում Հայաստանի վրա՝ պահանջելով ընտրություն կատարել երկու դաշինքների՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Մոսկվան նախազգուշացրել է հնարավոր տնտեսական հետևանքների մասին։ Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն արդեն իսկ դժգոհության առիթ են դարձել հայ ֆերմերների շրջանում։ Կա նաև մեկ այլ ռիսկ․ Հայաստանը կարող է կրել ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու հետևանքները՝ այդպես էլ Արևմուտքում ամուր հենարան չգտնելով։
The Atlantic Council-ը գրել է, որ Ուկրաինայի հետ շարունակական պայքարին զուգընթաց՝ Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է նախկին ԽՍՀՄ երկրներում, որոնց Մոսկվան անվանում է «մերձավոր արտերկիր»։
Սա առավել ակնհայտ է Հայաստանում, որտեղ ՌԴ տասնամյակների գերիշխանությանը մարտահրավեր են նետում Միացյալ Նահանգներն ու այլ ուժեր։ Ռուսաստանը չի կարողացել կասեցնել ամերիկյան այս ներթափանցումը։ Եվ չի էլ կարող։ Այն ներուժը, որ Մոսկվան ժամանակին օգտագործում էր իր ազդեցության գոտին վերահսկելու համար, այժմ սպառվում է Ուկրաինայում։
Մինչ ռուսական ներխուժման ռազմաճակատային գծերը դանդաղորեն տատանվում են մեկ այս, մեկ այն կողմ, նախկին Խորհրդային Միության տարածքում Կրեմլի ազդեցությունը պահպանող կայսերական ենթակառուցվածքն ակնհայտորեն քայքայվում է:
Հարավային Կովկասում Արցախը ծառայում էր նույն նպատակին։ Մոսկվան զինում էր հակամարտող երկու կողմերին էլ, սակայն հիմնականում աջակցում էր Հայաստանին, ինչի արդյունքում Երևանը դարձավ ոչ թե դաշնակից, այլ Ռուսաստանից կախյալ կողմ։ Ադրբեջանը նույնպես ստիպված էր հաշվի նստել Ռուսաստանի հետ, սակայն Թուրքիայի և Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու շնորհիվ Բաքվին հաջողվեց պահպանել գործողությունների համար ազատ տարածություն։