Ուժը կարող է գրավել տարածք, բայց չի կարող գրավել ճշմարտությունը։ Ադրբեջանն այժմ վերահսկում է Լեռնային Ղարաբաղը, որը հայերին հայտնի է որպես Արցախ։ Այնտեղ տասնամյակներ շարունակ գործող հայկական իշխանությունն այլևս գոյություն չունի։ Ավելի քան 120․000 հայ բռնի տեղահանվել է նախնիների հայրենիքից՝ ամիսներ տևած շրջափակումից, ծանր զրկանքներից և Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերին իրականացրած ռազմական հարձակումից հետո․ գրում է The Christian Post-ը։
Ադրբեջանն այժմ վերահսկում է այն քաղաքները, որտեղ հայերն ապրում էին, գերեզմանատները, որտեղ հողին էին հանձնում իրենց հանգուցյալներին, և վանքերը, որտեղ դարեր շարունակ աղոթում էին հայ քրիստոնյաները։ Այդ վերահսկողությունը ենթադրում է բարոյական պատասխանատվություն։ Այն Ադրբեջանին իրավունք չի տալիս վերաշարադրելու տեղահանված ժողովրդի ինքնությունը կամ փոխելու նրանց թողած սրբավայրերի էությունը։ Փոխարենը՝ Ադրբեջանը վճռական է տրամադրված՝ հաղթելու հենց պատմության հետ մղվող վեճում։ Այս ամիս երկրի կառավարությունը 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից մոտ 150 ներկայացուցչի հրավիրել է պաշտոնական այցի Լեռնային Ղարաբաղ։
Միջնադարյան Գանձասարի և Դադիվանքի վանքերում Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևն այդ վայրերը ներկայացրել է որպես հին կովկասյան աղվանական քրիստոնեության հուշարձաններ։ Ադրբեջանցի պաշտոնյաները հայերին մեղադրել են շինությունները ձևափոխելու և դրանց սկզբնական տեսքն ու բնույթը խաթարելու համար։
Գանձասարը պարունակում է հայերեն ընդարձակ արձանագրություններ, որոնք վկայում են դրա կառուցման, հովանավորների և կրոնական պատկանելության մասին։ 13-րդ դարի իշխան Հասան-Ջալալի արձանագրությունը նրան ներկայացնում է որպես կառուցող և հիշատակում եկեղեցու օծումը 1240 թվականին։ Նույն կերպ՝ Դադիվանքը ևս պարունակում է հայերեն արձանագրություններ և խաչքարեր՝ հայ քրիստոնեությանը բնորոշ քանդակազարդ խաչքարեր։ Սա ավելին է, քան պարզապես վեճ ճարտարապետության շուրջ։ Սա մարդկային արժանապատվության և բարոյական պատասխանատվության հարց է։
The Christian Post-ը ներկայացնում է նաև Նախիջևանում իրականացված վանդալիզմի օրինակներ։ Caucasus Heritage Watch-ը փաստագրել է 108 հայկական վանքերի, եկեղեցիների և գերեզմանատների ոչնչացումը 1997-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Սա կազմում էր այնտեղ նախագծի արձանագրած հայկական մշակութային օբյեկտների 98%-ը։
Ավերված հուշարձանների թվում է Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը, որտեղ ժամանակին հազարավոր հայկական խաչքարեր կային։ Գերեզմանատունը համակարգված կերպով ոչնչացվել է, և Ադրբեջանը հետագայում հերքել է դրա գոյությունը՝ միաժամանակ խոչընդոտելով անկախ հետազոտողների կողմից տեղանքի ուսումնասիրությունը։
Այժմ Լեռնային Ղարաբաղում անհետանում են հայկական կյանքի նյութական հետքերը։ Արբանյակային դիտարկումները փաստագրել են եկեղեցիների, գերեզմանատների և գյուղերի ոչնչացումը։ Քարին տակ գյուղը գրեթե ամբողջությամբ հիմնահատակ ավերվել է։ Ստեփանակերտում Ադրբեջանը քանդել է 2 հայկական եկեղեցի, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին տաճարը, որն օծվել էր 2019 թվականին։ Ոչնչացվել է նաև Շուշիի գերեզմանատունը, որտեղ կային հայկական և ռուսական շիրիմներ, միջնադարյան խաչքարեր և 19-րդ դարի տապանաքարեր։ Սրանք առանձին դեպքեր չեն։ Դրանք բացահայտում են մի օրինաչափություն, որը պետք է մտահոգի յուրաքանչյուր կառավարության և խղճի տեր յուրաքանչյուր մարդու։
Պատմական հետքերի վերացումը պարզապես հանցանք չէ անցյալի դեմ։ Սա շարունակական հարված է այն մարդկանց համար, որոնք արդեն իսկ կորցրել են իրենց տները, համայնքները և նախնիների գերեզմաններ այցելելու հնարավորությունը։
Միջազգային հանրությունը պետք է պահանջի, որ Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին և անկախ ժառանգության մասնագետներին տրամադրի Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու մշտական հնարավորություն։ Պետք է լինի հայկական եկեղեցիների, վանքերի, արձանագրությունների, ձեռագրերի, խաչքարերի և գերեզմանատների համապարփակ գույքագրում։ Դրանց հայկական ինքնությունը պետք է փաստաթղթավորվի և պահպանվի։ Բռնի տեղահանված հայերը նաև պետք է ունենան իրենց սրբավայրեր և ընտանեկան գերեզմաններ մուտք գործելու հնարավորություն։
«Այցին մասնակցած դիվանագետները նույնպես պատասխանատվություն են կրում։ Նրանք ներկայացնում էին կառավարություններ և միջազգային կառույցներ։ Ադրբեջանի վերահսկողության ներքո իրականացվող այցը չի կարող փոխարինել անկախ դիտարկմանը։ Նրանք, ովքեր ծիծաղում էին, պետք է բացատրեն, թե ինչն էին զվարճալի համարում։ Նրանք, ովքեր լուռ մնացին, այժմ պետք է թափանցիկություն պահանջեն։ Դիվանագիտական քաղաքավարությունը երբեք չպետք է վերածվի մշակութային ոչնչացման գործընթացին մեղսակցության»,- նշվում է հոդվածում։
Նշվում է, որ Գանձասարն ու Դադիվանքը սրբազան վայրեր են, որտեղ սերունդներն աղոթել են, երկրպագել, հողին հանձնել իրենց հանգուցյալներին և դավանել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Ադրբեջանը կարող է վերահսկել տարածքը, սակայն չպետք է թույլ տրվի, որ նա վերահսկի ճշմարտությունը։ Խաղաղությունը չի կարող կառուցվել բռնի տեղահանության, ավերված եկեղեցիների և վերաշարադրված պատմության հիման վրա։ Ստի վրա կառուցված խաղաղությունն ընդամենը անարդարություն է, որը սպասում է, թե երբ աշխարհը կմոռանա այն։