Հայաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, Եվրամիության կողմից կխաբվեն եվրաինտեգրման հարցում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երիտասարդության միջազգային փառատոնի ժամանակ։
«Եթե խոսենք [Հայաստանի վարչապետ] Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Եվրամիությանն ուղղված ձգտումների մասին, ապա կարող են խաբվել և, ամենայն հավանականությամբ, կարծում եմ՝ ԵՄ իշխանությունները կխաբեն։ Ես չեմ տեսնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրամիությունում, որի դռան առաջ արդեն շատ տասնամյակներ հերթ են կանգնած, օրինակ, Թուրքիան, Սերբիան», — ասել է նա։
Նախարարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում ազդել զարգացման ուղիներ ընտրելու Հայաստանի հնարավորության վրա, սակայն միևնույն ժամանակ մտադիր չէ ֆինանսավորել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի նախապատրաստությունը։ Այդ պատճառով Երևանն «այնուամենայնիվ պետք է որոշում կայացնի», նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Քանի որ եթե եվրոպական չափանիշները Հայաստանի օրենսդրության և նորմատիվ պրակտիկայի մեջ ներդնելու գործընթացն արդեն սկսվել է, ապա Ռուսաստանը չէր ցանկանա ֆինանսավորել անդամակցությունը կամ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստությունը այն հսկայական արտոնությունների միջոցով, որոնք Հայաստանը ստանում է Եվրասիական տնտեսական միությունում», — նշել է Լավրովը։