Համաշխարհային առևտուրը շարունակում է ենթարկվել արմատական փոփոխությունների։ Չնայած կիրառվող բազմաշերտ սահմանափակումներին` պետք է արձանագրել, որ 2000–2025 թթ. համաշխարհային առևտուրը բազմակի աճ է գրանցել բոլոր ստորև ներկայացված խոշոր ապրանքախմբերում։ Սակայն աճի տեմպերը զգալիորեն տարբեր են․
Ամենամեծ փոփոխությունն արձանագրվել է հանքանյութերի, մետաղների և դրանց արտադրանքի խմբում։ 2025 թ. առևտրի ծավալը շուրջ 5.6 անգամ գերազանցել է 2000 թ. մակարդակը։ Սա ներկայացված ապրանքախմբերի մեջ ամենաբարձր ցուցանիշն է։
Երկրորդ ամենամեծ աճը գրանցվել է գյուղատնտեսության և սննդամթերքի ոլորտում՝ 5.2 անգամ։ Զգալի է նաև քիմիական նյութերի, պլաստմասսայի, ռետինի և դրանց արտադրանքի առևտրի ընդլայնումը՝ 4.8 անգամ։
Վառելիքի և վառելիքային արտադրանքի միջազգային առևտուրը մեծացել է մոտ 4.3 անգամ, իսկ մեխանիկական մեքենաների դեպքում աճը կազմել է 4 անգամ։
Համեմատաբար ավելի չափավոր, բայց նույնպես շոշափելի աճ է գրանցվել էլեկտրոնիկայի և էլեկտրատեխնիկայի ոլորտում՝ 3.8 անգամ։
Իսկ ամենացածր աճը վերաբերում է տրանսպորտային սարքավորումներին՝ 3.4 անգամ։ Նույնիսկ վերջինիս դեպքում 2025 թ. ցուցանիշը ավելի քան 3 անգամ գերազանցում է 2000 թ. մակարդակը։
- Ընդհանուր պատկերը վկայում է համաշխարհային ապրանքաշրջանառության զգալի ընդլայնման և միջազգային արտադրական ու մատակարարման շղթաների խորացման մասին։ Հատկապես մեծ աճը հանքանյութերի, մետաղների, գյուղատնտեսական ապրանքների և քիմիական արտադրանքի ոլորտներում կարող է արտացոլել ինչպես զարգացող տնտեսությունների պահանջարկի աճը, այնպես էլ հումքային և միջանկյալ ապրանքների դերի մեծացումը համաշխարհային առևտրում։