Նախկինում Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հիշատակի միջոցառումներ անցկացնող «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը» դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ այս տարի ևս հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն մերժում է ստացել։
Ինչպես տեղեկացնում է պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթը, նախորդ 4 տարիներին ևս նահանգապետարանը թույլտվություն չէր տվել։
Դեպքի առնչությամբ «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Ապրիլի 24-ի հիշատակը ժողովրդավարական իրավունք է…
2010 թվականից մինչև համավարակը մենք Ստամբուլում, ինչպես նաև մի շարք այլ քաղաքներում, կազմակերպում էինք Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներ։ Համավարակի սկսվելուց հետո դրանք սկսեցին արգելվել։
Այս տարի ևս Ստամբուլի նահանգապետարանին ներկայացրեցինք Ցեղասպանության հիշատակի վերաբերյալ մեր դիմումը և սկսեցինք աշխատանքները՝ 1915 թվականին կյանքից զրկվածների հիշատակը հարգելու և առերեսման կոչեր հնչեցնելու նպատակով կազմակերպվող միջոցառման համար։
Նահանգապետարանն այս տարի ևս արգելեց մեր հիշատակի միջոցառումը։ Մենք չենք դադարելու պնդել մեր իրավունքը։ Չորս-հինգ տարի առաջ հրապարակներում անցկացվող հիշատակի միջոցառումների առանց որևէ բացատրության արգելումը որևէ հիմնավորում չունի։
Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումները մի կողմից հարգանքի տուրք են հարյուր հազարավոր զոհվածներին՝ ցույց տալու, որ չենք մոռացել նրանց, ովքեր ընտանիքներից, ընկերներից, աշխատանքից ու շրջապատից կտրվելով սպանվեցին, իսկ մյուս կողմից՝ ուղերձ են այսօրվա հասարակությանը։
Ժողովրդավարության զարգացման, համակեցության մշակույթի ձևավորման, բռնության և ատելության խոսքի նվազեցման համար կարևորագույն քայլ է Ապրիլի 24-ին մեր կորուստները՝ մարդկանց, կենդանիներին, մշակույթը և ավանդույթները հիշելը, ցույց տալը, որ չենք մոռացել, և առերեսվելը։ Մենք բողոքում ենք հիշատակի միջոցառման արգելման դեմ և կոչ ենք անում որոշում կայացնողներին վերանայել իրենց դիրքորոշումը»։