Վրաստանում 6 կգ թմրանյութով ծանրոց են առգրավել․ կասկածյալին ցմահ ազատազրկում է սպառնում

Վրաստանում մեկ անձ է ձերբակալվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահման փորձի մեղադրանքով։ Իրավապահները կասկածյալի անունով ուղարկված ծանրոցում ավելի քան վեց կիլոգրամ մեֆեդրոն են հայտնաբերել, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։

Գերատեսչության տվյալներով, իրավապահ մարմինների աշխատակիցները կազմակերպել են ծանրոցի վերահսկվող առաքում՝ ստացողին պարզելու նպատակով։ Ծանրոցում եղել է ավելի քան վեց կիլոգրամ մեֆեդրոն, որն առգրավվել է որպես իրեղեն ապացույց։

Ձերբակալվածի բնակարանի խուզարկության ընթացքում քննիչները հայտնաբերել են նաև տարբեր տեսակի թմրամիջոցներ և դրանց փաթեթավորման համար նախատեսված նյութեր։

Քննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-260-րդ հոդվածով։ Այն նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *