Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու դեպքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կնվազի 15.1%-ով։ Հիմնական կորուստները կլինեն մետալուրգիայի, խմիչքի, ծխախոտի և սննդի արդյունաբերության ոլորտներում, որտեղ անկումը կկազմի մինչև մեկ երրորդ. ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նա նշել է, որ Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կհանգեցնի զգալի տնտեսական անկման։
«Ամենապահպանողական գնահատականներով՝ ՀՆԱ-ն կնվազի 15.1%-ով (մոտավորապես 3.65 միլիարդ դոլար), ներքին սպառումը՝ 14.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրությունը՝ 26.3%-ով», – նշել է պաշտոնյան։
«Քիմիական արտադրությունը կնվազի մոտավորապես մեկ հինգերորդով, իսկ տեքստիլ արտադրությունը՝ 15%-ով։ Գնաճը կաճի 14.3 տոկոսով, իսկ գործազրկությունը՝ 6.4 տոկոսային կետով», – ընդգծել է նա։
Շևցովը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ապրիլի 1-ին Կրեմլում ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հստակորեն հայտարարել է, որ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ մաքսային միությունում մնալն անհնար է:
«Իրոք, Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, որը ԵՄ-ին միանալու նախապայման է, չի կարող կնքվել, եթե Հայաստանն այդ պահին ԵԱՏՄ պայմանագրի կողմ է: Հետևաբար, անհրաժեշտ կլինի դուրս գալ պայմանագրից», – հավելել է նա:
Շևցովը նշել է, որ Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից, առաջին հերթին, կնշանակի արտահանման սահմանափակումների վերականգնում, ապրանքների և ծառայությունների համար միասնական պահանջների վերացում, ամբողջական մաքսային վերահսկողության վերադարձ, այդ երկրից միգրանտների համար արտոնյալ ռեժիմի վերացում և բեռնափոխադրումների համար ստանդարտ սակագների կիրառում:
«Գործնականում հայ գյուղացիները, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքներ արտադրողները, ստիպված կլինեն նոր շուկաներ փնտրել. մաքսային տուրքերի ներդրմամբ նրանց ապրանքները այլևս մրցունակ չեն լինի: Բեռնափոխադրումների ծախսերը կավելանան, իսկ ներդրումները զգալիորեն կնվազեն: Երևանը նաև ստիպված կլինի մոռանալ արտոնյալ էներգամատակարարման մասին», – ընդգծել է Ռուսաստանի ԱԽ քարտուղարի տեղակալը:
Նրա խոսքով՝ Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից էականորեն բացասաբար չի անդրադառնա միության մյուս երկրների վրա, կորուստները կկազմեն հարյուրերորդական տոկոս։