«ՀՀ առողջապահության նախարարությունը խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը»,-հայտնում են Ինֆորմացիայի ազատության կենտրոնից
«ԻԱԿ-ը նախարարությանը հարցում էր ուղարկել տեղեկություն ստանալու, թե Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրի նմուշում հայտնաբերված սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից որքա՞ն է գերազանցել: Հայցել էինք տրամադրել նաև սահմանային թույլատրելի շեմը և նմուշում հայտնաբերված տվյալը, արձանագրված շեղման թիվը:
Ի պատասխան՝ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից պատասխանել են, թե ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ տրամադրել հայցվող տեղեկությունը, քանի որ «իրավապահ մարմինների կողմից իրականացվում են քննչական գործողություններ»:
ԻԱԿ-ն այս պատասխան-մերժումը համարում է անհիմն մի քանի պատճառով.
1. ՏԱ մասին օրենքը չի նախատեսում տեղեկության տրամադրման մերժում նպատակահարմարության հիմքով:
2. Տեղեկության տրամադրման մերժումը պետք է լինի հիմնավորված՝ համապատասխան իրավական ակտի հիմքով:
3. Ավելին, և որ ամենակարևորն է. ՏԱ մասին օրենքի 8-րդ հոդվածը թեև սահմանում է տեղեկությունների տրամադրման մերժման հիմքերը, սակայն և նույն հոդվածը նախատեսում է սահմանափակումների սահմանափակումներ. ՏԱ մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետը նշում է.
«Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա՝
1) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին…
2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը..» ՏԱ մասին օրենք, հոդված 8, կետ 3»: