Տեխնոլոգիական հաջողության նոր էջ․ հայկական Krisp-ը երկու մրցանակ է նվաճել

Հայկական Krisp ընկերությունը շարունակում է ամրապնդել իր դիրքը միջազգային տեխնոլոգիական դաշտում՝ այս անգամ արձանագրելով նշանակալի հաջողություն Webby Awards հեղինակավոր մրցանակաբաշխությունում։ Ընկերությունը հաղթող է ճանաչվել միանգամից երկու մրցանակում՝ «Տեխնիկական առաջընթաց» (Technical Achievement) կատեգորիայում՝ արժանանալով թե՛ ժյուրիի գլխավոր մրցանակին (Webby Winner), թե՛ հանրության քվեարկությամբ տրվող People’s Voice մրցանակին։

2026 թվականին Krisp-ը առաջադրված էր ընդհանուր երեք անվանակարգում՝ «Տեխնիկական ձեռքբերում», «Ծրագրավորողների գործիքներ և API-ներ» և «Արհեստական բանականության ձայնային և խոսակցական ինտերֆեյսի լավագույն կիրառություն», ինչը ինքնին վկայում է ընկերության տեխնոլոգիական լուծումների լայն կիրառելիության և մրցունակության մասին։

Krisp-ի համահիմնադիր և տնօրեն Արտավազդ Մինասյանն, անդրադառնալով հաղթանակին, նշել էր․

«Հայե՛ր ջան, Կրիսպը միանգամից երկու անվանակարգում հաղթեց The Webby Awards-ում՝ «Տեխնիկական առաջընթաց» կատեգորիայում՝ թե՛ “People’s Voice”, թե՛ անկախ մասնագետների կողմից տրվող մրցանակներով։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց (իսկ նրանք շատ-շատ էին) աջակցելու համար։ Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ»։

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Krisp-ի տեխնոլոգիաները ինտեգրվել են արհեստական բանականությամբ աշխատող գրեթե բոլոր խոշոր ընկերությունների ձայնային պրոդուկտներում, ինչը փաստում է ընկերության աճող ազդեցությունը գլոբալ շուկայում։

Krisp-ի այս հաղթանակը ոչ միայն ընկերության ձեռքբերումն է, այլև կարևոր ազդակ է հայկական տեխնոլոգիական համայնքի համար՝ ցույց տալով, որ տեղական ընկերությունները կարող են մրցունակ լինել համաշխարհային ամենաբարձր հարթակներում։

Նշենք, որ Webby Awards-ը համարվում է ինտերնետի «Օսկարը»։ Այն հիմնադրվել է 1996 թվականին և ամեն տարի գնահատում է լավագույն թվային նախագծերը՝ կայքեր, հավելվածներ, թվային նորարարություններ, արհեստական բանականության լուծումներ և առցանց բովանդակություն։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Միջազգային թվային արվեստների և գիտությունների ակադեմիայի (IADAS) կողմից, որի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ և ստեղծագործական ինդուստրիայի առաջնորդներ։

Յուրաքանչյուր անվանակարգում տրվում են երկու հիմնական մրցանակներ՝ մեկը՝ ակադեմիայի ընտրությամբ (Webby Winner), և մյուսը՝ հանրության քվեարկությամբ (People’s Voice), ինչը հնարավորություն է տալիս գնահատել թե՛ մասնագիտական, թե՛ օգտատերերի կարծիքը։

Անի Կեսոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *