Հայաստանում Եվրամիության նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը պայմանավորված է տարածաշրջանային և տեղեկատվական անվտանգության նոր մարտահրավերներով։
Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ առաքելության հիմնական նպատակը չի կարող լինել քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալը։
«Քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու համար պարտադիր չէ առաքելություն տեղակայել։ Այդ առումով նման նպատակ այստեղ չկա»,- նշեց Վարդանյանը։
Քաղաքագետը ընդգծեց, որ նախաձեռնությունը պետք է դիտարկել, այսպես կոչված, հիբրիդային սպառնալիքների համատեքստում, որոնք, նրա խոսքով, վերջին շրջանում ակտիվացել են։
«Հայաստանի նկատմամբ կա հիբրիդային հարձակում, որը դրսևորվում է կեղծ տեղեկատվության տարածմամբ, տարբեր քարոզչական մեխանիզմներով, ինչպես նաև կիբերհարձակումների և այլ գործողությունների միջոցով։ Այս ամենը միասին կարելի է բնութագրել որպես հիբրիդային պատերազմ»,- ասաց նա։
Վարդանյանի գնահատմամբ՝ հենց այս մարտահրավերներին դիմակայելու նպատակով է Հայաստանը դիմել Եվրամիությանը, ինչի արդյունքում էլ ձևավորվել է նոր առաքելության տեղակայման որոշումը։
Նրա խոսքով՝ առաքելությունը կարող է նպաստել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և տեղեկատվական միջավայրում դիմակայունության բարձրացմանը։
«Եվրամիությունը նման ոլորտներում բավական լուրջ փորձ ունի, հատկապես Մոլդովայի օրինակով, որտեղ կարողացել են որոշակի հաջողություններ գրանցել ապատեղեկատվության և արտաքին ազդեցությունների դեմ պայքարում»,- նշեց նա։
Քաղաքագետը հավելեց, որ նման փորձը կարող է կիրառվել նաև Հայաստանում՝ ուժեղացնելու պետական և հասարակական դիմադրողականությունը տեղեկատվական սպառնալիքների նկատմամբ։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ Հայաստանում կտեղակայվի Եվրամիության նոր քաղաքացիական առաքելություն։ Ըստ ԱԳՆ-ի՝ այն նպատակ ունի աջակցել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև պայքարին ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ։ Առաքելությունը նախատեսվում է տեղակայել նախնական երկու տարի ժամկետով և այն կնպաստի համապատասխան պետական ինստիտուտների կարողությունների զարգացմանը։