«Մոսկվան փորձում է ավելացնել ազդեցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա»․ Արմեն Պետրոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մոսկվան փորձում է ավելացնել ազդեցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա»․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչու է «աղմկում» Ռուսաստանը. այս պարտիայում Մոսկվային են բաժին հասել ամենալավ խաղաքարտերը.
     Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների՝ կրեմլյան հանդիպման հրապարակային հատվածի տարածմամբ ռուսական կողմի՝ առայժմ դեռևս քաղաքական և քարոզչական մակարդակներում նկատելի բազմակողմանի ակտիվացումը վաղուց կանխատեսելի էի, իսկ ներկայում մի քանի իրավիճակային հիմնավորում ունի։
     Հայաստանում ծավալվող նախընտրական բավականաչափ ակտիվ և թեժ քաղաքական մրցակցության շրջափուլը։ Դրա համատեքստում որոշ հայաստանյան դերակատարների մոտեցումներն առնվազն շահեկան են Ռուսաստանի տեսանկյունից։ Հետևաբար, իր գործողություններով Մոսկվան փորձում է ավելացնել ազդեցությունը հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա` իհարկե, ոչ միանշանակ արդյունքներով։
     Տարածաշրջանային պատերազմը։ Զարգացումների այսպիսի սցենարը հատկապես Հայաստանի համար նման առանցքային կարևորության ժամանակահատվածում էականորեն սահմանափակում են Երևանի արտաքին մանևրի հնարավորությունները։ Առնվազն վերջին 4 տարիներին Հայաստանի անվտանգության և կենսական շահերի ապահովման հարցում էական ազդեցություն ունեցած երկու գործընկերները՝ ԱՄՆ-ն և Իրանը ներկայում անզիջում հակամարտության մեջ են իրար դեմ։ Խորքային հակասությունները կարծրանում են նաև արևմտյան գործընկերների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև։ Իսկ Մոսկվան, ընդունելով Թեհրանի փոխանցումը, ստանձնում է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ռազմավարական դիրքավորումը խափանելու գործընթացի առաջնամարտիկի դերը։
     Ադրբեջանի և Թուրքիայի վարքի կառավարելիությունը։ Հայաստանի տեսանկյունից բավականաչափ կարևոր իրողություն է Ադրբեջանի, դրանով պայմանավորված՝ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կառավարելիության հանգամանքը՝ չհաշված տեղեկատվական և հոգեբանական հարթություններում պարբերական գործողությունների շարունակականությունը։ Ուշագրավ է, որ Մոսկվայի կողմից Երևանի դեմ ակտիվացած արշավն Ադրբեջանում և Թուրքիայում գնահատվում է՝ որպես ամբողջ Հարավային Կովկասում ազդեցությունը վերականգնելու Ռուսաստանի ձգտում։ Ադրբեջանում ակտիվացած հակառուսական քաղաքական, քարոզչական գործողությունները, Թուրքիա-Ռուսաստան զորավարժությունները ևս այդ համատեքստում են։
     Ի՞նչ պետք է անել. հարցն էական է առանց բացառության հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր դերակատարների համար՝ անկախ Ռուսաստանից կախվածության մակարդակի (Կրեմլին պարտք մնալու գինը միանշանակ, ծանր է լինելու առաջնահերթ Հայաստանի համար)։ Որքան էլ իրավիճակն առաջին հայացքից խիստ բարենպաստ է Ռուսաստանի համար, այնուամենայնիվ Մոսկվայի գործողությունների շրջանակը սահմանափակ է։ Հայաստանի համար նման զգայուն շրջափուլում Ռուսաստանի տնօրինման ներքո գտնվող գործիքներից որևէ մեկի կիրառումը ոչ թե Հայաստանի իշխանությունների դեմ է գնահատվելու, այլ՝ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Դա էլ իր հերթին ունենալու է բացասական ազդեցություն առանց այն էլ զգալիորեն անկում ապրած Ռուսաստանի հեղինակության և նրա շահակից քաղաքական ուժերի դերակատարման վրա։
     Ինչ խոսք, բարդագույն և բազմաշերտ նյարդերի խաղ է ընթանում, որը, սակայն, լիարժեք կառավարելի է։ Պարզապես պետք է չտրվել սադրանքների, զգոն, հանգիստ, անվրդով, բայց արագ արձագանքել տարաբնույթ հարձակումներին, չկորցնել ինքնատիրապետումը և գործընթացը հասցնել տրամաբանական ավարտին՝ ընտրություններին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *