Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանք

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը եվրոպացի սպառողներին կոչ է արել ուշադրություն դարձնել հայկական արտադրանքին և այն ներառել իրենց գնումների զամբյուղում։

Կոսի խոսքով՝ ԵՄ-ն որոշում է կայացրել իր շուկան բացել հայկական արտադրանքի գրեթե 80 տոկոսի համար՝ ներառյալ ծիրանը, կեռասը, լոլիկը և կտրած ծաղիկները։ Նա նշել է, որ այդ քայլը նոր հնարավորություններ է ստեղծում հայ ֆերմերների և արտադրողների համար՝ Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումների պայմաններում։

«Հաջորդ անգամ, երբ գնումներ կատարեք, ուշադրություն դարձրեք հայկական արտադրանքին»,- գրել է Կոսը X-ում։

Նա առանձնացրել է նաև հայկական լավաշը՝ հիշեցնելով, որ Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել էր ավանդական հացի փուռ և հետևել դրա պատրաստման գործընթացին։ «Ձեր գնումների զամբյուղում կատարած փոքրիկ ընտրությունը կարող է օգնել հայ ֆերմերներին ու արտադրողներին և աջակցել հայ ժողովրդի՝ սեփական ապագան ընտրելու իրավունքին»,- նշել է Կոսը։

Մարթա Կոսը վերջին ամիսներին նաև հրապարակայնորեն անդրադարձել է հայկական ծիրանի՝ եվրոպական շուկա մուտք գործելուն։ Հունիսին նա X-ում գրել էր, որ հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է ԵՄ և նշել էր, որ նոր շուկաները հնարավորություն կտան հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել արտահանումը։

Սեպտեմբերի 24-ին հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը վերջնական հավանության է արժանացել ԵՄ խորհրդի՝ մրցակցության հարցերով խորհրդի կողմից։

Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի նախագահների կողմից ստորագրվելուց հետո կարգավորումը կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում և դրան հաջորդող օրը կմտնի ուժի մեջ։

ԵՄ այս կարգավորմամբ կազատականացնեն դեպի ԵՄ տարածք Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Հիշյալ միջոցները կնպաստեն Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնմանը և ՀՀ–ԵՄ տնտեսական ու առևտրային համագործակցության հետագա խորացմանը։ Ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ ռեժիմը գործելու է 2 տարի ժամկետով:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 2-ին, ԵՄ խորհուրդը տվել էր իր համաձայնությունը նախագծին՝ առանց փոփոխությունների։ Այնուհետև՝ սեպտեմբերի 15-ին, լիագումար նիստում, իր հերթին փաստաթղթին հավանություն էր տվել Եվրոպական խորհրդարանը։ Երեկ՝ սեպտեմբերի 23-ին նախագիծն ընդունվել էր նաև ԵՄ խորհրդի` անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում:

Հիշյալ կարգավորման ընդունմամբ Հայաստանը դառնում է միակ երկիրը, որը չունենալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ հետ կնքված «Խոր և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագիր, ստանում է նման տնտեսական արտոնություն, ինչը ևս մեկ անգամ վկայում է ՀՀ-ԵՄ գործընկերության աննախադեպ բարձր մակարդակի մասին և համահունչ է ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի հռչակագրի ոգուն և գործընկերության ռազմավարական օրակարգին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *