Բաքուն մտացածին «Արևմտյան Ադրբեջանի» հարցը հասցրել է ՄԱԿ-ի կենտրոնակայան

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Վերադարձի իրավունք և ապագաղութացում. ուշացած պատմական արդարության վերականգնում» խորագրով համաժողով` Բաքվի նախաձեռնությունների խմբի (ԲՆԽ) կազմակերպմամբ։

Համաժողովի բացմանը Բաքվի նախաձեռնությունների խմբի հաղորդակցության և տվյալների վերլուծության բաժնի ղեկավար Էլգյուն Հաջիևը հայտարարել է, թե «արևմտյան ադրբեջանցիների նախկին բնակության վայրեր վերադարձի հարցը պետք է քննարկվի ՄԱԿ-ի համապատասխան կառույցների և միջազգային մեխանիզմների շրջանակում»։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև Հայաստանի տարածքում «բնակության վայրերը լքած ադրբեջանցիների պատմության մասին» վավերագրական ֆիլմ։ Համաժողովի աշխատանքը շարունակվել է երկու պանելային քննարկումներով, որոնց ընթացքում Ջորջ Մեյսոնի համալսարանի դոկտորանտ և Անվտանգության քաղաքականության հետազոտությունների կենտրոնի գլխավոր խմբագիր Ալի Մամեդովը առանձին անդրադարձել է «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցին։ Նա նշել է, թե իբր «ավելի քան երեք տասնամյակ անց վերադարձի և մշակութային ժառանգության պահպանման հարցերը շարունակում են արդիական մնալ»։

Համաժողովին մասնակցել են Նոր Կալեդոնիայի, Կորսիկայի, Սեն Մարտենի, Կարիբյան ավազանի և աֆրիկյան երկրների ներկայացուցիչներ, սիկհական համայնքի ներկայացուցիչներ, նախկին պետական պաշտոնյաներ, փորձագետներ, ինչպես նաև քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման արդյունքներով Բաքվի նախաձեռնությունների խումբը և համաժողովի մասնակիցները դիմում են ընդունել ուղղված ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին։ Փաստաթղթում կոչ է արվում նպաստել «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապ ունեցող մարդկանց «անվտանգ վերադարձի» համար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև «ապահովել Հայաստանի տարածքում ադրբեջանական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *