Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ մեկնարկել է քաղաքային միջավայրի գեղարվեստական ձևավորման ինքնատիպ նախագիծ: Քաղաքի կենտրոնով հոսող Վաչագան գետի հետիոտնային կամուրջների արտաքին տեսքն ընդգծվել է նոր, ինքնատիպ լուծումներով։
Այսօր արդեն երկու կամուրջների վրա իրենց ուրույն տեղն են գտել կենդանիների բրոնզե քանդակները, որոնք ներդաշնակորեն լրացրել են քաղաքային միջավայրը՝ անցորդների համար կամուրջները դարձնելով ավելի ակնահաճո ու գրավիչ։ Քանդակների ստեղծման աշխատանքներն իրականացրել է տեղացի տաղանդավոր քանդակագործ Գագիկ Ալեքսանյանը։
Համայնքապետարանից հայտնում են, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։ Ծրագրի հաջորդ փուլերով նախատեսվում է բրոնզե նոր քանդակներով համալրել ու ձևավորել նաև Վաչագան գետի մյուս հետիոտնային կամուրջները ևս՝ ստեղծելով Կապան քաղաքի համար յուրահատուկ մշակութային ու զբոսաշրջային անկյուն։