Վարորդից՝ հավաքարար, հնոցապանից՝ տնտեսվար․ ՊՎԾ-ում հեշտ պաշտոնափոխ են լինում

Հայաստանի պետական կառավարման համակարգում երբեմն կարելի է հանդիպել որոշումների, որոնք ավելի շատ հիշեցնում են աճպարարություն, քան կառավարման տրամաբանություն։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից ստորագրված մի շարք հրամաններ հենց այդպիսի տպավորություն են թողնում։ Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը, որոնք ստորագրվել են տարբեր ժամանակահատվածներում՝ 2024, 2025 և 2026 թվականներին, ցույց են տալիս, որ աշխատակիցները կարճ ժամանակահատվածում «փոխել են» իրենց մասնագիտությունները՝ առանց ակնհայտ հիմնավորման։

Օրինակ՝ ՊՎԾ նախկին պետ Ռոմանոս Պետրոսյանի հրամաններից մեկով աշխատակիցը, որը նախկինում զբաղեցրել է վարորդի հաստիք, վերանշանակվում է որպես հավաքարար։ Մյուս փաստաթղթերում նույն անձը կամ նմանատիպ հաստիք ունեցող աշխատակիցները ներկայացվում են արդեն որպես հնոցապան, ապա՝ կրկին այլ գործառույթ իրականացնող անձ։

Հատկանշական է, որ ներկայացված 3 հրամաններում՝ 2024 թվականի փաստաթղթում կիրառվում են «հավաքարար» և «տնտեսվար» ձևակերպումներ, 2025 թվականի հրամանով «վարորդ» բառը փոխարինվում է «հավաքարար»-ով։

Այս փոփոխությունների դինամիկան ակնարկում է, որ նույն աշխատակիցը մի քանի ամսվա ընթացքում «անցնում է» տարբեր մասնագիտական դերերով։

Հիշեցնենք՝ Պետրոսյանը 2021-2025թթ․ զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը:

Այսպիսով, 2025-ին Ռոմանոս Պետրոսյանի կողմից ստորագրված փաստաթղթերից մեկում՝ սահմանվում է հետևյալ ձևակերպումը․ «ադմինիստրատոր՝ համակարգչային ցանցերի» բառերը փոխարինել «իրավախորհրդատու» բառով, իսկ «հնոցապան» հաստիքը՝ «տնտեսվար»-ով։ Այսինքն՝ տեխնիկական մասնագետը մեկ որոշմամբ դառնում է իրավաբանական ոլորտի աշխատակից, իսկ հնոցապանը՝ տնտեսվար։

Նկատենք, որ բոլոր հրամաններն սահմանված են նույն հիմքով՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների համապատասխան հոդվածներով։ Ուշագրավ է հատկապես այն, որ ավելի ուշ՝ 2026 թվականի N 65-Լ հրամանով նույն տրամաբանությունը շարունակվում է։

Այնուամենայնիվ, հարց է առաջանում ՝ ինչո՞ւ է պետական կարևոր կառույցում տեղի ունենում նման «մասնագիտական մետամորֆոզ»»։ Իրականում փոխվու՞մ են աշխատակիցների գործառույթները, թե՞ միայն անվանումները, և արդյոք սա չի՞ օգտագործվում աշխատավարձերի վերաձևավորման համար։ Պետական կառույցում տեղի ունեցող գործընթացները հիշեցնում են իլյուզիոնիստի ներկայացում, որտեղ մարդը մի ակնթարթում կարող է փոխել իր «դերը»։

Այս ամենը հաշվի առնելով՝ դժվար է խուսափել հեգնական համեմատությունից։

Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *