
Տավուշի անտառամերձ գյուղերի բնակիչները մեզ ահազանգել են, որ օրինական հատկացված հատատեղերի անվան տակ անտառներում անօրինական հատումներ են արվում։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանին հարցում եմ արել․ «2026-ին Տավուշի մարզի անտառտնտեսությունների անտառներում քանի՞ հատատեղ է տրվել տնտեսվարող սուբյեկտներին, յուրաքանչյուր հատատեղի դեպքում քանի՞ խմ փայտ հատելու թույլտվություն է տրվել»։
Նա պատասխանել է․ ««Անտառտնտեսություն» մասնաճյուղերից տնտեսվարող սուբյեկտներին հատատեղ չի տրամադրվում, հատատեղերը շահագործվում են բացառապես Կազմակերպության «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից։ Յուրաքանչյուր «Անտառտնտեսություն» մասնաճյուղի համար հատատեղերի շահագործման ծավալը սահմանվում է համաձայն անտառկառավարման պլանի»։
Հայրապետյանը ներկայացրել է նաեւ Տավուշի մարզի «Անտառտնտեսության» մասնաճյուղերում հաստատված հատատեղերի քանակը եւ հատվող փայտանյութի ծավալը․ ««Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում հատատեղը 1-ն է, հատվող փայտանյութի ծավալը՝ 686,64 խմ, «Իջեւանի անտառտնտեսություն»` հատատեղը 1-ն է, փայտանյութի ծավալը՝ 117,43 խմ, «Նոյեմբերյանի անտառտնտեսություն»` հատատեղի քանակը 14-ն է, փայտանյութի ծավալը՝ 5805,27 խմ, «Սեւքարի անտառտնտեսություն»` հատատեղի քանակը 20-ն է, փայտանյութի ծավալը՝ 3321,38 խմ, ընդամենը՝ 9930,72 խմ»։
«Հայանտառի» տնօրենին հարցրել եմ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի մորաքրոջ որդու` Իջեւան համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ, Սեւքարի անտառտնտեսության անտառապետ Կարեն Ծովանյանի կողմից իրականացված մեծածավալ հատումների մասին․ «Սեւքարի անտառտնտեսության անտառապետ Կարեն Ծովանյանին պայմանագրերով նույն անտառտնտեսության անտառներում տրվել է 5 հատատեղ։ «Հայանտառ»-ի հետ կնքված պայմանագրերով՝ Կ․ Ծովանյանն այդ 5 հատատեղում որքա՞ն խմ շինափայտ, որքա՞ն խմ վառելափայտ իրավունք ունի հատելու, իրացնելու»։ Հայրապետյանը հայտնել է․ «Կազմակերպության «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աչաջրի անտառպետության անտառապետ Կարեն Ծովանյանին հատատեղ տրամադրվել է ոչ թե պայմանագրերով, այլ՝ անտառահատման տոմսերով, որոնց հիման վրա Կարեն Ծովանյանն Աչաջրի անտառպետության տարածքում հատկացված խնամքի եւ սանիտարական հատման 7 հատատեղերում պետք է մթերի ընդհանուր 1326,42 խմ անտառանյութ, որից 9,46 խմ՝ շինափայտ։ Հատատեղի շահագործումը հանդիսանում է անտառապետի աշխատանքային գործառույթը»։
Սեւքարի անտառներում կատարված մեծ հատումների հետեւանքով անտառը շատ տուժել է, անտրամաբանական է այդ մասնաճյուղի անտառներում 20 հատատեղ հատկացնելը, 3321 խմ հատելը։ Սեւքարի բնակիչներն ասում են, որ խնամքի ու սանիտարական հատումների անվան տակ այլ հատումներ են կատարվում։ Տավուշի անտառամերձ բնակավայրերի ընտանիքներին ինքնապատրաստումով մինչեւ 8 խորանարդ մետր փայտի թափուկ ձեռք բերելու վերաբերյալ հարցին ի պատասխան էլ Հայրապետյանը հայտնել է․ ««ՀՀ անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների կողմից ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011թ․ հոկտեմբերի 27-ի N 1535-Ն որոշմամբ սահմանված կարգավորումների համաձայն՝ բնակավայրերի ցանկում ընդգրկված յուրաքանչյուր ընտանիքի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից թույլատրվում է ձեռք բերել մինչեւ 8 խմ ծավալով անվճար թափուկ վառելափայտ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի (այսուհետեւ՝ Կազմակերպություն) յուրաքանչյուր «Անտառտնտեսություն» մասնաճյուղի համար թափուկ վառելափայտի տրամադրման տարեկան ծավալը սահմանվում է անտառկառավարման պլանով, ինչը նախարարի հրամանով հաստատված անտառային տնտեսության վարման (առաջիկա 10 տարիներին) ընթացիկ եւ հեռանկարային պլանավորման պարտադիր տեխնիկական փաստաթուղթ է։ Ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ունեցող՝ անտառների անմիջական հարեւանությամբ գտնվող բնակավայրերի ազգաբնակչությանն անվճար թափուկ վառելափայտի օգտագործման տոմսերով վառելափայտի տրամադրումը սկսվել է 2026թ․ սեպտեմբերի 1-ից՝ Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանի՝ 2026թ․ օգոստոսի 28-ի հանձնարարականով»։
Հայրապետյանը հայտնել է նաեւ, որ 2026-ին «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում անվճար թափուկ վառելափայտի բացթողնման առավելագույն չափաքանակը 4500 քմ է, «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 2500 խմ, Նոյեմբերյանի անտառտնտեսությունում՝ 5500 խմ, Սեւքարի անտառտնտեսությունում՝ 4000 խմ, Տավուշի մարզում ընդհանուր՝ 16500 խմ։ Տավուշի անտառամերձ համայնքների բնակիչները դժգոհում են, որ 8 խմ-ի փոխարեն 4 խմ թափուկ է տրամադրվում, այն էլ՝ անտառի խորքերում։ Անտառտնտեսությունում բնակիչներին սկզբից տրամադրում են թափուկ պատրաստելու տոմս, սակայն հավաքված թափուկը տեղափոխելու համար անտառտնտեսությունը եւս մեկ տոմս պետք է տրամադրի բնակիչներին։ Թափուկն անտառից բացթողնման տոմսերն այժմ սպառվել են, անտառտնտեսություններում բնակիչներին խոստացել են, որ դրանք կլինեն հաջորդ շաբաթ։ Սակայն Տավուշում անձրեւներ են տեղացել, եթե անձրեւները չշարունակվեն, մոտ 20 օրից անտառամիջյան ճանապարհները կչորանան, եւ գյուղացիները կկարողանան անտառներից տեղափոխել իրենց պատրաստած թափուկը։