
Փաշինյանը դատարանում վիճարկում է ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանի՝ իր հասցեին հնչեցրած հայտարարությունը։ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Ղազարյանի դեմ, որի քննությունը վերապահված է Երևանի քաղաքացիական դատարանին։ Գործը քննելու է դատավոր Մարինա Տաշչյանը։
Դատական գործի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ վարչապետը պահանջում է պատգամավորին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել 2026 թվականի սեպտեմբերի 27-ին հարցազրույցի ընթացքում իր վերաբերյալ արած հայտարարությունը։
Խոսքը 2020 թվականի պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Էդգար Ղազարյանի պնդման մասին է։ Պատգամավորը հայտարարել էր, որ Ադրբեջանի ռազմական առաջխաղացումն ու հայկական պաշտպանական գծի ճեղքումը սկսվել են հոկտեմբերի 6-ից հետո՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտ այցելությունից և այնտեղ հրամանատարաշտաբային կետում խորհրդակցություն անցկացնելուց հետո։ Ղազարյանը նաև պնդել էր, որ այդ այցից հետո Փաշինյանը սկսել է հակառակորդին ուղղակի տեղեկություններ փոխանցել։
Փաշինյանը հայցում այս պնդումները համարում է իրականությանը չհամապատասխանող և զրպարտչական՝ պահանջելով դրանց հրապարակային հերքում։
Հայցվորը դատարանից խնդրում է պարտավորեցնել Ղազարյանին հերքումը տարածել «Նյուզ Էյ Էմ» լրատվական ընկերության միջոցով՝ ուղիղ եթերում և տեսաձայնագրման եղանակով։
Բացի հայտարարության հերքումից, Նիկոլ Փաշինյանը նաև պահանջում է Էդգար Ղազարյանից բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես փոխհատուցում։