2026 թվականի հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնում «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնում պահպանման սարքավորումների տեղադրման ծրագրի ավարտական հանդիսավոր արարողությունը։
Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան տիկին Անազավա Յոկոն, Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը, ՀԲԸՄ հիմնադրամ Հայաստանի նախագահ պարոն Վազգեն Յակուբյանը, ինչպես նաև Հայաստանի թանգարանների և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։
90 767 ԱՄՆ դոլարի չափով ճապոնական դրամաշնորհը տրամադրվել է՝ աջակցելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը՝ պահպանման ստորաբաժանման համար անհրաժեշտ սարքավորումների տեղադրման միջոցով։ Պահպանման բարելավված պայմանները հնարավորություն կտան պատշաճ կերպով կոնսերվացնել և վերականգնել ներկայումս պահոցներում գտնվող արվեստի գործերը՝ դրանց ավելի մեծ մասը հանրությանը հասանելի դարձնելու և ցուցադրելու համար։
Արարողությունը մեկնարկեց կարմիր ժապավենը կտրելով, որն իրականացրին տիկին Անազավան, Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և պարոն Յակուբյանը։ Ժապավենը կտրելուց հետո Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը ողջունեց հյուրերին և երախտագիտություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանն ու Հայաստանում Ճապոնիայի դեսպանությանը՝ ցուցաբերած աջակցության համար։ Այնուհետև ելույթ ունեցան տիկին Անազավան և պարոն Յակուբյանը՝ շնորհավորելով բոլոր մասնակիցներին ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ։ Վերջում ելույթ ունեցավ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ թանգարաններում պահպանվող գանձերը պարզապես նյութական առարկաներ չեն, այլ խորհրդանշում են հայ ժողովրդի ինքնությունը։
Ելույթներից հետո Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը հյուրերին հրավիրեց կարճ շրջայցի՝ ցուցադրելու ծրագրի շրջանակներում տեղադրված սարքավորումները։