Թրամփն ընդլայնում է հարկից ազատված դիզելային վառելիքի հասանելիությունը՝ վառելիքի գնաճի ֆոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ հարկերից ազատված դիզելային վառելիքին հասանելիությունն ընդլայնելու համար: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Նեբրասկայում կայացած հանրահավաքի ժամանակ։

Դիզելային վառելիքի բարձր գները, որոնք անցյալ ամիս հասել են ռեկորդային՝ մեկ գալոնի դիմաց մոտ 6,50 դոլար մակարդակի, վտանգ են ներկայացնում Թրամփի համար նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ, որոնց արդյունքում որոշվելու է Կոնգրեսի նկատմամբ վերահսկողության հարցը։

Հանրապետական կուսակցությունը, որի ներկայացուցիչն է Թրամփը, ներկայումս փոքր առավելություն ունի Սենատում և Ներկայացուցիչների պալատում։ Բեռնափոխադրումների համար կենսական նշանակություն ունեցող վառելիքի գները բարձրացել են՝ ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով․ դրանք հանգեցրել են Մերձավոր Արևելքում և Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների։

Թրամփը հայտարարել է, որ հրամանագիրը կվերացնի հարկերից ազատված դիզելային վառելիքի համար նախատեսված՝ «ոչ ճանապարհային» (off-road) օգտագործման պահանջը և թույլ կտա ցանկացած անձի գնել կարմիր ներկանյութ պարունակող դիզելային վառելիք, որն օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում և որոշ արտաճանապարհային տրանսպորտային միջոցների կողմից։

«Հուսով եմ՝ դրա կարիքը երկար չենք ունենա», – նշել է Թրամփը՝ խոսելով սահմանափակման վերացման մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *