1991-ից սկսած՝ մշտապես եղել են դեպքեր, որ երկու կողմերի՝ Հայաստանի ու Ադրբեջանի զինծառայողներն այս կամ այն հանգամանքներում անցել են մյուս կողմ․ այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով Շաքիում միջադեպը, ասաց ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Դեռ պետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում՝ դասալի՞ք է, թե՞ մոլորվել է։ Բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ։ Գործ ունենք անհատ զինծառայողի՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հետ»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ իրենց մոտից զինծառայող է կորել։
Հիշեցնենք, որ Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել էր Շաքի գյուղի տներից մեկը, կրակոցներ արձակել տանտիրուհու ուղղությամբ և վիրավորել նրան։ Հարձակման հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել նաև նրա երեխաները։