ԱՊՀ 9 երկրների ղեկավարներ հաստատել են Թուրքմենստանում կայանալիք գագաթնաժողովին իրենց մասնակցությունը, հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Պուտինը հոկտեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան։ Նա կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովին։
«Ինչ վերաբերում է բուն գագաթնաժողովին, ապա իրենց մասնակցությունը հաստատել են ԱՊՀ երկրների 9 ղեկավարներ», – լրագրողներին ասել է Ուշակովը։
Նա հստակեցրել է, որ Ռուսաստանի և Թուրքմենստանի ղեկավարներից բացի, գագաթնաժողովին կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
«ԱՊՀ պատմության մեջ առաջին անգամ ընդլայնված կազմով գագաթնաժողովի նիստին հրավիրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը հետագայում կմասնակցի նաև բնապահպանական գագաթնաժողովին», – հայտնել է Ուշակովը։
Նա նշել է, որ հոկտեմբերի 8-ին պատվիրակությունների ղեկավարները համատեղ կմասնակցեն ԱՊՀ պետությունների ազգային ուտեստների փառատոնին։ Նույն օրը երեկոյան Թուրքմենստանի նախագահի անունից պատվիրակությունների ղեկավարների պատվին պաշտոնական ընդունելություն կկազմակերպվի։
Գագաթնաժողովի աշխատանքային ծրագիրը կմեկնարկի ուրբաթ՝ հոկտեմբերի 9-ին։