Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց, թե տրանսպորտային ոլորտում լուծել են միասնական տոմսային համակարգի հարցը, սակայն կան օդում կախված հարցեր:
«Մենք ունենք մի կարևոր հարց, որն օդում առկա է: Ինչու՞ ենք մենք սպասում ավտոբուսին 20 կամ 30 րոպե: Ժամանակն է, որ մենք խոսենք մեր երթևեկության խնդիիրներից, քանի որ ունենք փաստեր տվյալներ», – նշեց նա:
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր խոսքում անդրադարձավ ավտոբուսային առանձնացված գծերի կարևորությանը:
«10 երթուղի ենք վերցրել, համեմատել ենք երթուղու տևողությունն առավոտյան և օրվա որոշ ժամերին: Աշխատանքաին օրերն ու հանգստան օրերը ևս առանձնացրել ենք, սակայն հիմնական միտումը պահպանվում է: Երեկոյան բեռնված ժամանակ ավելի շատ ժամանակ է ծախսվում երթուղու վրա: Ըստ էության, հանրային տրանսպորտի հոսքերը միախառնված լինելով հիմնական հոսքին, էական խոչընդոըներ է ունենում: Այդ երկու հոսքերը փոխազդում են, որքան էլ ունենք ավտոբուսների սակավություն, եթե անգամ ամբողջությամբ համալրենք այն, սակայն չունենանք առանձնացված գծեր, միևնույնն է խցանումներ կլինեն», – նշեց նա:
Տրանսպորտի վարչության ներկայացուցիչն իր խոսքում նշեց, թե ոլորտում կարգավորման համար անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել՝ այդ թվում կանգառն արգելելու միջոցով: