Ամուլսարը սկսում է աշխատել․ ե՞րբ կերևան խոստացված միլիոնների արդյունքները


Հոկտեմբերի 10-ին Ամուլսարի ոսկու հանքավայրում տեղի ունեցավ շահագործման մեկնարկի և առաջին ոսկու կորզման ու ձուլման արարողությունը։ Տարիներ շարունակ քննարկումների, բնապահպանական մտահոգությունների և շինարարության ձգձգումների կենտրոնում հայտնված նախագիծն այժմ մտնում է նոր փուլ։ Կառավարությունն ակնկալում է հարյուրավոր միլիոնների ներդրումային ծրագրից ստանալ զգալի հարկային եկամուտներ, նոր աշխատատեղեր և տնտեսական աճ, իսկ հարակից համայնքների զարգացման համար նախատեսվում են տարեկան միլիոնավոր դոլարների հատկացումներ։ Բայց հանքի աշխատանքի մեկնարկը դեռ պատասխան չէ հիմնական հարցին՝ ինչպե՞ս են այդ խոստումները վերածվելու չափելի արդյունքների Հայաստանի համար։

Կառավարության հրապարակած տվյալներով՝ ծրագրում ներդրվել է շուրջ 750 միլիոն դոլար, որից 150 միլիոն դոլարի վարկերի վերադարձը երաշխավորվել է պետության կողմից։ Բացի այդ, կառավարությունն ունի «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը։ Այսպիսով՝ Ամուլսարի տնտեսական արդյունքը պետք է գնահատվի մի քանի չափանիշով՝ ոչ միայն ընկերության արտադրությամբ ու պետական բյուջե կատարվող վճարումներով, այլև պետության ստանձնած ֆինանսական պարտավորություններով և բաժնեմասից հնարավոր եկամուտներով։ Հայտարարված թվերը հետագայում համեմատելու համար կարևոր է, որ հրապարակվեն փաստացի տվյալները՝ որքան ոսկի է արդյունահանվել, որքան է կազմել վաճառքի ծավալը և քանի աշխատատեղ է ստեղծվել։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասկանալ՝ արդյոք նախնական կանխատեսումները համապատասխանում են իրական արդյունքներին։

Տնտեսական ցուցանիշներից բացի՝ Ամուլսարի ծրագրի կարևոր բաղադրիչներից է համայնքների զարգացման ֆինանսավորումը։ Օգոստոսի 31-ին «Լիդիան Արմենիան», ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Ջերմուկի, Վայքի ու Սիսիանի ընդլայնված համայնքները ստորագրել են համայնքային զարգացման համաձայնագիր։ «Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի» -ի  հրապարակած տեղեկության համաձայն՝ տարեկան հատկացումների 70 տոկոսը բաշխվելու է Ջերմուկի, Վայքի և Սիսիանի ընդլայնված համայնքների միջև՝ համաձայնագրով սահմանված բանաձևով, իսկ միջոցների տրամադրման վերաբերյալ որոշումները կայացնելու է հիմնադրամի խորհուրդը։ Խորհրդում նախատեսված է յոթ անդամ՝ «Լիդիան Արմենիայի» չորս ներկայացուցիչ և երեք համայնքների մեկական ներկայացուցիչ։

Հանրությունը պետք է կարողանա տեսնել ոչ միայն այն, թե որքան գումար է նախատեսված, այլև՝ ինչ ծրագրերի վրա է այն ծախսվել, ինչ արդյունք է արձանագրվել և ովքեր են օգտվել իրականացված աշխատանքներից։

Համայնքների զարգացման համաձայնագրով նախատեսված գումարները պետք է գնահատվեն ոչ թե միայն որպես ֆինանսական խոստում, այլև ըստ բնակիչների կյանքում դրանց թողած ազդեցության։ Եթե միջոցներն ուղղվում են ճանապարհների, ջրամատակարարման, կրթության, առողջապահության կամ այլ հանրային ծառայությունների բարելավմանը, ապա կարևոր է իմանալ՝ որ բնակավայրերում են իրականացվել աշխատանքները, քանի մարդ է օգտվել դրանցից և արդյոք դրանք համապատասխանում են համայնքների առաջնահերթություններին։ Հակառակ դեպքում նույնիսկ մեծ հատկացումների մասին հայտարարությունը դեռ չի ապացուցում, որ բնակիչների կենսապայմանները բարելավվել են։

Ամուլսարի շուրջ քննարկումների մյուս առանցքը բնապահպանական անվտանգությունն է։ Հանքի շահագործման հակառակորդները տարիներ շարունակ բարձրաձայնել են ջրային համակարգերի, կենսաբազմազանության և Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի, վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգությունները։ «Լիդիան Արմենիան» իր հերթին հայտարարում է, որ հանքավայրում ներդրված է շարունակական բնապահպանական մոնիթորինգի համակարգ՝ ջրի և ստորերկրյա ջրերի, փոշու, օդի որակի, օդերևութաբանական պայմանների ու դատարկ ապարների լցակույտի վիճակի վերահսկման համար։

Այստեղ առանցքային հարցն այն է, թե որքան հասանելի և ստուգելի են այդ տվյալները հանրության համար։ Մոնիթորինգի համակարգի առկայությունը կարևոր է, բայց դրա արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ են չափումների արդյունքները, պետական վերահսկողության տվյալները և հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը։ Հասարակությունը պետք է կարողանա հասկանալ՝ որտեղ են կատարվում չափումները, ինչ պարբերականությամբ են հրապարակվում արդյունքները, ով է ստուգում դրանց հավաստիությունը և ինչ քայլեր են նախատեսված սահմանված ցուցանիշների գերազանցման դեպքում։

Ամուլսարի շահագործման մեկնարկը Հայաստանի համար նոր տնտեսական հնարավորություններ է բացում, բայց այն նաև նոր պահանջ է առաջադրում պետական մարմիններին և ընկերությանը՝ խոստումները ներկայացնել ստուգելի արդյունքների տեսքով։ Ամուլսարի հաջողությունը չի կարող չափվել միայն ներդրված գումարով, արդյունահանված ոսկով կամ բացման արարողությամբ։ Այն պետք է գնահատվի նաև նրանով, թե որքան եկամուտ է ստանում պետությունը, ինչ է փոխվում հարակից համայնքներում, և որքան արդյունավետ են վերահսկվում բնապահպանական ռիսկերը։ Հանքի շահագործման մեկնարկն այս պատմության սկիզբն է, իսկ դրա իրական արդյունքները դեռ պետք է ապացուցվեն թվերով, հաշվետվություններով և հանրությանը հասանելի տվյալներով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *