Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե հիջաբի թեման միտումնավոր օգտագործվում է Ադրբեջանում կոնֆլիկտ հրահրելու համար։
«Ընդունված որոշման մեջ «հիջաբ» բառը չկա։ Խոսքը դպրոցական միասնական համազգեստի մասին է։ Սակայն դա հիջաբ են անվանում՝ մուսուլմանների վրա ավելի մեծ ազդեցություն գործելու համար», — ասել է նա Real TV-ին տված հարցազրույցում։
Փաշազադեի խոսքով՝ բողոքի ցույցեր հրահրելու փորձերի հետևում կանգնած են «որոշ ուժեր, որոնք քաղաքացիների կրոնական զգացմունքներն օգտագործում են պետության դեմ»։
«Մենք գիտենք, թե ում հրահրմամբ է այս ամենը տեղի ունենում։ Դա գիտի նաև ադրբեջանցի ժողովուրդը», — ընդգծել է նա։
Փաշազադեն կոչ է արել ադրբեջանցի հավատացյալներին չտրվել սադրանքներին։
«Թող նրանք, ովքեր կանգնած են այս ամենի հետևում, իզուր չվատնեն ուժերը։ Նրանց ոչինչ չի հաջողվի։ Մեր հավատացյալներն աջակցում են իրենց պետությանը, և նրանք, ովքեր գտնվում են արտերկրում, պետք է իմանան, որ մեր պետությունը շարունակելու է գոյություն ունենալ», – հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահը։