Կիպրոսի The Gallery 45 պատկերասրահում կցուցադրվեն ժամանակակից հայ արվեստագետների աշխատանքները

Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 29-ը Կիպրոսի The Gallery 45 պատկերասրահում կցուցադրվեն ժամանակակից արվեստագետներ Արմեն Հակոբջանյանի և Աստղիկ Պետրոսյանի աշխատանքները։ «Հանգով գրված երկիր․ ժամանակակից բնապատկերներ» («Land Written in Verse: Contemporary Landscapes») խորագրով ցուցահանդեսին հայ արվեստագետների մասնակցությունն իրականություն է դառնում hosq հիմնադրամի նախաձեռնությամբ։ 

Ցուցահանդեսը միջազգային հարթակում կներկայացնի հայ երկու արվեստագետների ստեղծագործությունները՝ երկխոսություն ձևավորելով Հայաստանի և Իրանի ժամանակակից արվեստի ոլորտների միջև։ Արմեն Հակոբջանյանի և Աստղիկ Պետրոսյանի հետ ցուցահանդեսին կմասնակցեն նաև իրանցի արվեստագետներ Այդա Ռուզբայանին, Իման Էբրահիմպուրը և Մարյամ Խաստուն։

Ցուցահանդեսի առանցքում բնապատկերն է՝ որպես բնության, հիշողության և մարդկային փորձառության փոխկապակցման տարածք։ Գեղանկարչության, կերամիկական քանդակի, գծանկարի և լուսանկարչության միջոցով հինգ արվեստագետները բացահայտում են, թե ինչպես են մեզ շրջապատող վայրերը դառնում անձնական պատմությունների մաս։

Հայ արվեստագետների մասնակցությունը հնարավորություն է ընձեռնում Կիպրոսի արվեստասեր հանրությանը ծանոթանալու հայկական ժամանակակից արվեստին։ Միաժամանակ այն ընդլայնում է հայ և իրանցի հեղինակների ստեղծագործական երկխոսությունը՝ ընդհանուր թեմայի շուրջ համադրելով տարբեր փորձառություններ ու գեղարվեստական մոտեցումներ։

Hosq-ի նախաձեռնությամբ հայ նկարիչներն ավելի վաղ մասնակցել են Կիպրոսի Լիմասոլ քաղաքում այս տարի անցկացված VIMA Art Fair միջազգային արվեստի ցուցահանդեսին։ Հայ արվեստագետների ստեղծագործություններն այս միջազգային հարթակում ներկայացվեցին առաջին անգամ` 20 երկրներից ժամանած 150 արտիստների կողքին։ Նախատեսվում է նման միջազգային նախաձեռնություններին մասնակցությունը դարձնել շարունակական՝ ամեն տարի ընդլայնելով հայկական ներկայությունը միջազգային արվեստի շուկայում և նպաստել հայկական արվեստի արտահանմանը դեպի նոր լսարաններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *