Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները․ Մայր Աթոռ

Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին. Տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։

Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։

Կոչ ենք անում նաև մշակութային ժառանգության պահպանությամբ, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցությամբ և փոխգործակցությամբ շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին ազդու միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *