Մի քանի օր առաջ Եվրոպական խորհրդարանը բանաձև էր ընդունել 2026 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների վերաբերյալ, որով դատապարտում էր ընտրությունների կազմակերպումը նաև Ուկրաինայի Դոնեցկի, Խերսոնի, Լուգանսկի և Զապորոժիեի շրջաններում, ինչպես նաև Մոլդովայի՝ Մերձդնեստրի շրջանում և չճանաչված Հարավային Օսիայի, Աբխազիայի և Ցխինվալի վրացական շրջաններում։ Եվրոպական խորհրդարանը այդ ընտրությունները անվանել է ֆարս։
Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներում Պետդումայի ընտրություններին մասնակցած ավելի քան յոթ տասնյակ անձանց նկատմամբ։
ԵՄ Խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է՝ մեջբերում․ «ԵՄ-ն խստորեն դատապարտում է, այսպես կոչված, ընտրությունների կազմակերպումը ժամանակավորապես ռուսական վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքներում, քանի որ դրանք խախտում են Ուկրաինայի օրենսդրությունը և միջազգային իրավունքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը և խաթարում են Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։
Պատժամիջոցներ են կիրառվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում, ինչպես նաև Ղրիմում տարբեր կուսակցություններից առաջադրված 74 թեկնածուների նկատմամբ։ «Ռուսաստանի Պետդումայի «ընտրություններին» մասնակցելով՝ այս անձինք ակտիվորեն նպաստել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի օրինականացմանը և ուկրաինական տարածքների անօրինական օկուպացիային աջակցելու փորձերին»,- հայտարարել է Բրյուսելը։
Այդ անձանց արգելվում է մուտք գործել կամ տարանցիկ տեղաշարժվել ԵՄ տարածքում, իսկ ԵՄ-ում նրանց հնարավոր ակտիվները սառեցվել են։