ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցած շաբաթ քննարկել են Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը՝ Իսրայելի և ԱՄՆ-ի ընտրություններից առաջ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների ու հարցին ծանոթ աղբյուրների։
Ըստ հրապարակման՝ Նեթանյահուն մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերականգնման վերաբերյալ և քննարկել հնարավոր համատեղ հարվածները իրանական ռազմական ու միջուկային օբյեկտներին։ Իսրայելը հատկապես անհանգստացած է, որ Իրանը կարող է «Փիքաքս Մաունթ» օբյեկտն օգտագործել ուրանի հարստացման համար։
Axios-ի աղբյուրների համաձայն՝ Թրամփը սկզբում հակված է եղել հարվածները վերսկսելուն, սակայն հետագայում ավելի զգուշավոր դիրք է ընդունել։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ու Կենտրոնական հրամանատարության ղեկավարությունը, ըստ հրապարակման, կողմ են նոր հարվածներին, մինչդեռ Թրամփի խորհրդականների մեծ մասը նախընտրում է առայժմ շարունակել տնտեսական պատժամիջոցներն ու ճնշման այլ միջոցները։
Նոր ռազմական գործողությունները կարող են ազդել երկու երկրների ընտրությունների վրա։ Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանի պատասխան հարվածները կարող են հանգեցնել հոկտեմբերի 27-ին նախատեսված ընտրությունների հետաձգմանը։ Միաժամանակ Իրանի դեմ պատերազմի վերսկսումը կարող է բացասաբար անդրադառնալ Թրամփի դիրքերի վրա՝ ամերիկացի ընտրողներին կրկին հիշեցնելով հակամարտության և վառելիքի գների հնարավոր աճի մասին։
Սպիտակ տան ներկայացուցիչը հերքել է, թե Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են պատերազմը վերսկսելու հարցը՝ պնդելով, որ ԱՄՆ նախագահը հայտարարել է միջանկյալ ընտրություններից առաջ Իրանի վրա հարվածներ չհասցնելու մասին։ Միևնույն ժամանակ, Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները շարունակվում են, իսկ միջնորդները սպասում են Թեհրանի պատասխանին Վաշինգտոնի վերջին առաջարկին։