Ռուսական երկաթուղիների կոնցեսիայի պահպանման հարցը չի դրվել․ Օլեգ Բելոզյորով

Ռուսական երկաթուղիների կոնցեսիայի պահպանման հարցը չի դրվել, ArmeniaSputnik–ի թղթակցին ասաց ՀՀ կառավարության հետ հանդիպումից դուրս եկած Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրեն (ընկերության կառավարման ներքո է գտնվում Հայաստանի երկաթուղին) Օլեգ Բելոզյորովը։

«Մենք քննարկել ենք կոնցեսիոն համաձայնագրի կատարումը․ այն կատարվում է, և պայմանավորվել ենք համատեղ աշխատել»,–ասաց նա։

Նա շնորհակալություն հայտնեց հայկական կողմին` նշելով, որ լավ արդյունք ունեցան քննարկումից։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր , որ Մոսկվան Երևանից պաշտոնական դիմումներ չի ստացել՝ Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն ունի երկաթուղու ռուսական կոնցեսիոն պայմանագիրը չեղարկելու իրավական հիմքեր, սակայն նախընտրում է, որ ռուսական կողմը կառավարման իրավունքը վաճառի երկու երկրների համար ընդունելի երրորդ երկրի։

«Իրավական հիմքերը կան, խնդիրը քաղաքական որոշման մեջ է»,- հայտարարել էր Փաշինյանը՝ հավելելով, որ պայմանագիրը չեղարկելու քաղաքական որոշման դեպքում անհրաժեշտ իրավական հիմնավորումներն արդեն առկա են։

Վարչապետը, սակայն չէր մանրամասնել այդ հիմքերը։ Հարցին, թե արդյոք նման հիմնավորում կարող է լինել ռուսական կողմի ներդրումային պարտավորությունների թերակատարումը, Փաշինյանը չէր հստակեցրել այդ կապը՝ կրկնելով, որ պայմանագիրը չեղարկելու իրավական հիմքեր կան։

«Մենք չենք ուզում գնալ այդ ճանապարհով, մենք ուզում ենք բարեկամական ճանապարհով գնալ»,- ասել էր նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *