Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը դաշինքի համար հավասարազոր կլինի հարակիրիի: Այս մասին նա հայտնել է Financial Times-ի հետ զրույցում։
Լը Պենը վերահաստատել է, որ վճռականորեն դեմ է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանը՝ հայտարարելով, որ դա հավասարազոր է Ֆրանսիայի համար «հսկայական տնտեսական կորուստների»:
Լը Պենը հայտարարել է, որ ընտրվելուց հետո 6 ամսվա ընթացքում կդադարեցնի Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը, քանի որ Ֆրանսիան այլևս ի վիճակի չէ դա իրեն թույլ տալ։
«Զելենսկիի հետ հարաբերություններում ազնիվ կլինի նրան ասել, կամ, ավելի ճիշտ, նախազգուշացնել, որ, գիտե՛ք, մենք այլևս ոչինչ չենք կարող անել, մեր հնարավորությունները սպառվել են», – նշել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:
Նա նաև բացասաբար է վերաբերում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին։
«Մենք՝ որպես ԵՄ, էներգետիկ պատերազմ ենք սկսել Ռուսաստանի դեմ՝ չունենալով սեփական էներգապաշարներ։ Դա այնքան էլ խելամիտ քայլ չէ»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ տասնյակ միլիոնավոր ֆրանսիացիներ վախով են սպասում վաղվա օրվան։
«Ես ցանկանում եմ վերականգնել վստահությունը վաղվա օրվա նկատմամբ», – ասել է նա։