Բացվող թղթե կառուցվածքներով աշխարհի ամենամեծ ծավալային գիրքը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, գրում է UPI-ն։
Այն ներկայացվել է Լոս Անջելեսի Ռիչարդ Ռիորդանի անվան կենտրոնական գրադարանում՝ քաղաքի հանրային գրադարանային համակարգի հարյուրամյակի առթիվ։
Luceros y Penumbras անունը կրող գիրքը, որը թարգմանաբար նշանակում է «Աստղերի լույսն ու ստվերները», բացված վիճակում ունի մոտ 6,1 մետր երկարություն և 4,7 մետր լայնություն։ Ծավալային թղթե կառուցվածքների բարձրությունը հասնում է 3,4 մետրի։
Նախագիծը ստեղծել է նկարիչ Դանիել Գոնսալեսը, թղթե տարրերի ինժեներական մշակման վրա աշխատել են Մեթյու Ռայնհարթն ու Էնն Մարշալը, իսկ ամբողջական չափերով պատրաստումն իրականացրել է Goodnight & Co. ընկերությունը։
Գիրքն այնքան մեծ է, որ էջերը թերթելու համար տասը հոգուց բաղկացած թիմ է պահանջվում։ Նրանցից ոմանք երկար ձողեր են օգտագործում՝ հսկայածավալ կառուցվածքները կառավարելու համար։
Ցուցանմուշը ստեղծվել է հատուկ Լոս Անջելեսի հանրային գրադարանի 100-ամյակի առթիվ։ Այժմ այն պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենամեծ ծավալային գիրքը։