

«Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար» ծրագրի շրջանակում Շատին բնակավայրում՝ Եղեգիս գետի ափամերձ տարածքում, իրականացվել են մաքրման աշխատանքներ։ Նախաձեռնությունն իրականացվել է hամայնքի կամավորների և «Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) հասարակական կազմակերպության համագործակցությամբ։

Մաքրման աշխատանքներին նախորդել է վերապատրաստման դասընթաց, որի ընթացքում կամավորները ծանոթացել են FPAN-ի գործունեությանը, ծրագրի նպատակներին և Հայաստանի լեռնային գետերի պահպանությանն ուղղված աշխատանքներին։ Մասնակիցները գիտելիքներ են ստացել գետային էկոհամակարգերի կարևորության, աղբի տեսակավորման և վերամշակման վերաբերյալ։ Նրանք ծանոթացել են նաև ecomap.am հարթակին, որը կարող է օգտագործվել որպես շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործիք։

Վերապատրաստումից հետո կամավորները FPAN-ի ներկայացուցիչների հետ իրականացրել են Եղեգիս գետի ափամերձ տարածքի մաքրման աշխատանքներ։ Հավաքված աղբը տեսակավորվել է՝ հետագայում վերամշակման ուղարկելու նպատակով։
Ծրագրի նպատակներից է կամավորներին անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինելը, որպեսզի նրանք ոչ միայն մասնակցեն բնապահպանական նախաձեռնություններին, այլև՝ իրենց համայնքներում նպաստեն բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ու բնապահպանական իրազեկվածության բարձրացմանը։ Վերապատրաստումից հետո կամավորական խմբերը շարունակում են մասնակցել գետերի մաքրման աշխատանքներին՝ ձեռք բերած գիտելիքները փոխանցելով համայնքի մյուս անդամներին։

Հայաստանի լեռնային գետերի պահպանությունը կարևոր նշանակություն ունի բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանության համար։ Գետերի աղտոտվածության նվազեցմանն ուղղված նախաձեռնությունները նաև նպաստում են համայնքների ներգրավվածության և բնապահպանական պատասխանատվության բարձրացմանը։
FPAN-ը Հայաստանում իրականացնում է բնապահպանական և կայուն զարգացման ծրագրեր։ Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններից են կենսաբազմազանության և բնական լանդշաֆտների պահպանությունը, կայուն գյուղական զարգացումը, բնահեն զբոսաշրջության խթանումը, ինչպես նաև մասնավոր հատվածի և համայնքների ներգրավումը բնապահպանական նախաձեռնություններում։
«Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար» ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներն ու լեռնային գետերի մաքրման աշխատանքները շարունակվում են։
Եղեգիսում կամովարական աշխատանքները համակարգում էր համայքնային աշխատող Լիլիթ Իսկանդարյանը։
Լուսանկարները՝ Լիլիթ Իսկանդարյանի
Հոկտեմբեր 29, 2026 at 15:53