Այսօր՝ ապրիլի 24-ին, հայությունը աշխարհի բոլոր ծագերում նշում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը ոչ միայն սգո, այլև վերածննդի և արդարության պահանջի խորհուրդ ունի։
1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայրենազրկումն ու մշակութային եղեռնը շարունակում են մնալ հայ ժողովրդի բաց վերքը, քանի դեռ հանցագործությունը չի արժանացել լիարժեք ճանաչման և դատապարտման։
Այս նվիրական օրը հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ու մշակութային գործիչները ևս միացել են համազգային ոգեկոչմանը։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում հուզիչ հրապարակումներով և անմոռուկի խորհրդանիշով հարգանքի տուրք են մատուցել Ռազմիկ Ամյանը, Սոնա Ռուբենյանը, Արփի Գաբրիելյանը, Սոֆի Մխեյանը և Սարգիս Ավետիսյանը։
Դերասան Ռաֆայել Երանոսյանը, երգիչներ Արթուր Խաչենցն ու Մոնիկա Նազարյանը ևս իրենց խոսքն են ուղղել հետևորդներին՝ շեշտելով հիշողության և միասնականության կարևորությունը։
Տարելիցի առիթով յուրահատուկ ստեղծագործական անդրադարձ է կատարել երգիչ Արաբո Իսպիրյանը։ Նա ներկայացրել է իր նոր՝ «Չհանես խաչդ»ստեղծագործությունը, որը հագեցած է ազգային ոգով և հավատի ու դիմադրողականության ուժեղ ուղերձով։
Երգը կարծես կոչ է՝ հավատարիմ մնալու սեփական արմատներին և երբեք չնահանջելու պատմական արդարության համար պայքարից։
Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքը և աշխարհասփյուռ հայկական հուշահամալիրները դարձել են ուխտատեղի, որտեղ յուրաքանչյուր խոնարհված ծաղիկ խորհրդանշում է՝ «Հիշում եմ և պահանջում»։
Թամարա Քալանթարյան