Փաշինյանը զուգարաններից գոհ էր, աղմկոտ ձերբակալություններ, Իրանում հրադադար հաստատվեց․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 8-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր՝ Իրանի դեմ պատերազմի 40-րդ օրը, Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնել են երկշաբաթյա անհապաղ հրադադար հաստատել բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, ով դիմել էր կողմերին հրադադարի առաջարկով։ Վերջինս նշել է, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ հրավիրել է Իսլամաբադ՝ բանակցությունների։ Ըստ Իրանի կիսապաշտոնական ԻՍՆԱ գործակալության՝ Իրանից կբանակցի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ԱՄՆ-ից՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրադադարին համաձայնել է, քանզի Իրանում գերազանցել են բոլոր ռազմական նպատակները և մեծ առաջընթաց ունեն «երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրի կնքման հարցում»։ Թրամփը սոցցանցում հայտնել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած նոր առաջարկ, որը, ըստ նրա, գործնական հիմք է բանակցությունների համար: Նա նաև նշել է, որ նախկինում վիճելի գրեթե բոլոր կետերի շուրջ համաձայնության են եկել, իսկ երկշաբաթյա ժամկետը թույլ կտա վերջնական տեսքի բերել համաձայնագիրը: Իսրայելը հայտարարել է, որ սատարում է ԱՄՆ որոշումը և դադարեցրել է Իրանի դեմ ռազմական գործողությունները, սակայն Նեթանյահուի գրասենյակից ընդգծել են՝ հրադադարը չի վերաբերում Լիբանանին, որտեղ շարունակվում են «Հեզբոլա»-ի դեմ գործողությունները: Թեև Իրանի աջակցությունը վայելող շարժման աղբյուրն ասել է, որ դադարեցրել են հարձակումները: Հրադադարի մասին լուրից հետո նավթի գինը նվազել է 100 դոլարից, ֆինանսական շուկաներն աճ են արձանագրել: Իրաքը բացել է իր օդային տարածքը: Մի շարք երկրներ ողջունել են հրադադարը, իսկ Իրանում մարդիկ փողոց են դուրս եկել՝ տոնելու հրադադարը: Թեհրանում նաև այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները: Շատ իրանցիներ չեն հավատում, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հավատարիմ կմնան հրադադարին:

Որքան մոտենում են հունիսի 7-ի ընտրությունները, այնքան Նիկոլ Փաշինյանի ու Սամվել Կարապետյանի հեռակա բանավեճն ավելի է սրվում, և Փաշինյանն այն համեմում է վիրավորական խոսքերով ու զգուշացումներով: «Ցիլոյով մա՛րդ, մի՛ վախեցիր Կարապետյանից: Ինքը քեզ վատ բան չի անելու, ինքը դուրս գա, մի երկու բան ունի քեզ ասելու», – Նիկոլ Փաշինյանին «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանից չվախենալու կոչ էր արել կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, ինչին Փաշինյանը կոշտ էր արձագանքել՝ զգուշացնելով, որ վերջիններս զրկվելու են իրենց միլիարդներից և մենակ են մնալու: «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ: Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ՝ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ», – ասել է Փաշինյանը: «Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ», – արձագանքել է Նարեկ Կարապետյանը: Ի պատասխան՝ Փաշինյանն էլ խոստացել էր փակել էլ Կարապետյանների փողերի իր խոսքով ապօրինի շրջանառության համակարգը։ Երկուստեք հնչող զգուշացումների ֆոնին երեկ ուշ երեկոյան Վահագն Խաչատուրյանը ստորագրեց ՔՊ-ի կողմից Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով արգելվում է Սամվել Կարապետյանի առաջնորդած դաշինքին անվանման մեջ օգտագործել վերջինիս անունը։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին «Ուժեղ Հայաստանը» հայտարարեց, որ ոչ այնքան հայտնի երկու ուժի հետ դաշինք է կազմում՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով:

Կարապետյաններին ուղղված զգուշացումներից հետո Փաշինյանը կառավարության անդամների հետ ուղևորվեց դեպի Կոտայք՝ այցելելով մարզի տարբեր դպրոցներ ու մանկապարտեզներ: Փաշինյանն ի պատասխան բնակիչների տարբեր խնդրանքներին՝ խոստանում էր՝ բոլոր խնդիրները կլուծեն, ճանապարհների, մանկապարտեզների, փողոցների, կոյուղու, բայց պայմանը մեկն է՝ առևտուր անելիս բնակիչները պետք է ՀԴՄ կտրոն պահանջեն. «Ինչքան ձեր գյուղում չսարքած բան կա, դրա պատճառը մենակ այն է, որ տասնյակ տարիներով առևտուրն արել ենք, ՀԴՄ-ն չենք ուզել»: Աղավնաձոր համայնքում գյուղացիներից մեկն ասաց, թե իրենց միակ անհանգստությունը խաղաղությունն է, ուրիշ բան չեն ուզում: Փաշինյանն էլ կրկնեց իր հայտնի խոսքը՝ խաղաղությունն արդեն ներկա է, այն պարզապես պետք է փայփայել, քանի որ տասնամյակների թշնամանքը տասնամյակներ էլ պահանջելու է դա հաղթահարելու համար: «Երկու տարի արդեն լրացավ, որ մենք սահմանին մի զոհ, մի վիրավոր չունենք», – ասաց նա: Նիկոլ Փաշինյանը Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում հարկ համարեց նաև սանհանգույցները ստուգել․ «Բա սանհանգույցները չնայե՞նք մի հատ, այստեղ զուգարանակոնքերի որակն ակնհայտորեն ավելի լավն է»,- ասաց նա ասպա շարունակեց․ «Դա շինարարների բարեխղճությունից էլ է կախված, բայց պետք է աշխատենք ստանդարտիզացնենք, մի գծից ներքև չլինի»։ Քաղսիում տարեց բնակիչը դժգոհում էր, որ Հայաստանի կառավարությունը զենքեր է առնում Ֆրանսիայից, Հնդկաստանից, բայց հայրենական արտադրությանն ու գիտությանը ուշադրություն չեն դարձնում: Փաշինյանը չհամաձայնեց՝ հրավիրելով նրան Հանրապետության հրապարակ՝ մայիսի 28-ի զորահանդեսին՝ տեղում ծանոթանալու հայկական գիտության արդյունքներին: «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը նախորդ 3 տարվա ընթացքում 170 միլիարդ դրամի պատվեր է ստացել, և ամսի 28-ի զորահանդեսին կտեսնեք, թե տեղական արտադրության ինչ զենքեր կան», – ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *